Լեռ Կամսար
20-րդ դարի հայ հանրահայտ գրող, երգիծաբան

Նամականի


ՆԱՄԱԿ «ՀՈՐԻԶՈՆԻՆ»

Հարգելի խմբագրություն.

Ասկե իբր ամիս ու կես առաջ ղրկեցի ձեզ մի ֆելիետոն»Գաղթականը» վերտառությամբ։ Սպասեցի որևէ լուրի, չստացա այդ լուրը, և «Գաղթականից» մի ամիս հետո բաց թողի մի երկրորդ ֆելիետոն՝ «Անվավեր մեռելներ» անունով։ Գնաց «Անվավեր մեռելները» ու ալ ետ չդարձավ։ Նոր այն ատեն հասկցա, որ իմ ղրկածները, երկուքն ալ նոյի ագռավներ են եղած, բայց և այնպես երրորդ անգամ հարկ չհամարեցի աղավնի մըն ալ ղրկել ագռավներուն ետևեն ինչ-ինչ պատճառներով։ Բայց թողունք այդ։

Անցյալներ փոստարկղի բաժնին մեջ կարդացի պատասխան մը՝ ուղղված ձեր մեկ թղթակցին. «Ձեր հոդվածը մոլորված է զամբյուղին մեջ, շարունակեցեք գրել»... Շատ ուշագրավ պատասխան մը, որմե ինքնաբերաբար կծագի սա հարցը, թե այդ լաբիրինթոս - զամբյուղը աշխարհագրորեն ո՞ւր զետեղված է, խմբագրական սեղանին առա՞ջ, թե ետև, կամ առաքված հոդվածները նախ զամբյուղը կմտնեն նորե՞ն քննության սեղանին վրա կբարձրանան, թե՞ քննության սեղանեն զամբյուղը կերթան։ Ավետարանական բարբառով ըսած, հոդվածները նախ կխոնարհի՞ն, որպեսզի բարձրանան, թե՞ կբարձրանան, որ խոնարհին։ Սա պարագան յուրաքանչյուր աշխատակից գիտնալու է, վասնզի գուցե մեկ թղթակից ալ գտնվի, որ թողած իր իննսուն և ինն հոդվածները անտեր, իր մեկ մոլորյալ հոդվածին ետևեն իյնա...

Կխորհիմ, որ իմ «Գաղթականն» ալ մոլորված պետք է ըլլա նույն զամբյուղին մեջ։ Այս մոլորումը հավանական կտեսնեմ անով, որ իմ առաջին հոդվածը լինելով, ձեր խմբագրատանը մեջ ճամփաներուն անտեղյակ է եղեր ու ինձ նման ամաչկոտ ըլլալով, խպնած է տեղյակ մեկե մը հարցնելու այն ճամփան, որ կտանի դեպի խմբագրին սեղանը և ասանկով զոհ է գացեր իր ամաչկոտությանը։ Կամ գուցե երկար պտտելով խմբագրատանը մեջ տիրող իրարանցման ու թոհուբոհին մեջ, երբ վերջապես համոզված ըլլալով, թե այդ աղմուկին մեջ իր վրա ուշադրություն դարձնող մը չկա, հուսահատորեն ինքզնիքը զամբյուղը նետած է ու եղերական ձևով վերջ տված իր չարքաշ կյանքին։

Այս բոլորեն հետո արդյոք իրավունք ունի՞մ հարցնելու ձեր պատվարժան խմբագրութենեն, թե՝ աշխատակից մը քանի՞ ամիս սպասելու է իր հոդվածի մասին լուրի մը, որմե հետո միայն իր հույսը կտրե։ Կամ ներկա դեպքում՝ քանի՞ ամիս պիտի սպասեմ, որ խմբագրությանդ կողմե հայտարարվի, թե՝ ձեր հոդվածը կորել է։

Ժամանակ մը որքան զայրացած էինք ռուս դատավորներուն դեմ, երբ 1-2 տարի մեկը բանտարկելեն հետո, հանկարծ անպարտ կարձակեին դատավարութենեն վերջը։ Եվ որքան իրավունք կուտայինք այդ արձակված մարդուն պոռալու դատաստանական պալատն ի վեր՝ է՜յ, կոսբոդին, եթե արդար պիտի ելլեի, ինչո՞ւ երկու տարի բանտարկեցիք ինձի։

Ես ալ մտադիր եմ երկու ամսեն ետքը պոռալ առ ձեր խմբագրությունը.

-Պարո՛ն խմբագիր, եթե հոդվածս կորցնելու միտք ունեիք, ինչու՞ անոր ձեր դուռնեն ներս մտնելուն պես սխալ ճամփա մը չցուցուցիք, որ առաջին օրեն իսկ «մոլորեր» ու հոդվածագրիս երկու ամիս շարունակ սրտամաշուկ չպատճառեր։

Վերջացնելով գրությունս, կպահանջեմ... չվախնաք, կաղաչեմ, զի պահանջս հաց, լույս, ազատություն լինելու չէ բնավ, այլ շատ դյուրին բավարարվելիք բաներ։

Օրինակ.

Անհապաղ տեղեկություն մը զույգ ֆելիետոններուս մասին։

Քիչ մը ավելի ուշադրություն դեպի նորընծա գրողներս, գեթ պատասխանի մը արժանացնելու չափ։ Աղեկ գիտնալով, որ առանց այս տարրական պահանջներուն բավարարությանը, թղթակիցը կմեռնի ապաքեն։

1916թ.


ՆԱՄԱԿ «ԱՐԵՎԻՆ»

Հարգելի պ. խմբագիր.

Ստացա ձեր անդրանիկ նամակը, որով ինձ կընդունիք թերթիդ գրչի զինվորներու կարգը։ Վնաս չունի։Անանկ ժամանակ մը կապրինք, որ յուրաքանչյուր տղամարդ զինվոր է, գրչի կամ հրացանի։

Կգրեք` տեղ պիտի տաք իմ կողմե գրած ամեն մեկ անկաշառ քննադատության։ Ես ալ այդ համոզումն ունենալուս համար էր, որ «Արևին» մոտեցա։ Աստղաբաշխական օրենքով իսկ «Արևը» կեդրոն ըլլալու է։ Ահա իմ կարծիքը «Արևի» մասին։ Ասկե ավելի նպաստավոր կարծիք չի թույլատրվել հայ իրականության մեջ հայտնել մեկի մը կենդանության օրոք...

Գանք վարձատրության ձևին։ Ես տողավարձեն ավելի կգերադասեմ ամսական որոշ վարձատրությունը։ Տողավարձով գրողը իր շահուն ներհակ կհռչակե ձու, յուղ, ուլ, ձի, լու և նման կարճ բառեր և այն ալ ոչ այն պատճառով, որ ներկա տնտեսական տագնապին թանկ արժեն ատոնք. ո՛չ, այլ որովհետև տող լեցնելու համար բան մը շարժեն։ Տողավարձով գրող վիպասան մը անկարելի է, որ իր հերոսին անուն մը փնտրելու միջոցին «Հոբը» ընտրե, «Նաբուգոդոնոսորը» թողու. վասնզի վերջինս իր պատկառելի երկարությամբ, քանի մը անգամ կրնա փաթութիլ «Հոբին» հասակն ի վեր։ Նա, ով տողավարձով կգրե, հաճախ երկու անգամ կպտտցնե իր ընթերցողը նույն փողոցին մեջ, և երկու-երեք նախասենյակ մտցնելով նոր կառաջնորդե դահլիճը...

Այնպես որ, ամսե-ամիս, նայելով ֆելիետոններուս քանակին ու որակին, ղրկեցեք ինձ հասանելիք վարձատրությունը։ Եվ այդ դրամը օ՜հ, ինչ անբանաստեղծական բառ... որպես գրչիս առաջին վաստակը, պիտի ուտեմ յոթը վարժապետական տարիներուս կերած... անոթությունը մարսելու համար։

Ես տաճկահայ եմ և գրած եմ տաճկահայ իրականութենե։ Հայկական աղետը զիս կովկասահայ ֆրոնտը փոխադրեց։ Ներկա պատերազմին մեջ ինձի համար հաղթական դուրս գալը կախված է անկե, թե ռուսահայ ազգային ջոջերը պիտի ըլլա՞ն այնքան բարի, որ ինձի քիչ մը պակասություն հայթայթեն։ Պիտի ձեռնարկեմ հանգանակություն մը և յուրաքանչյուր ջոջի դուռը ծեծելով, պիտի հեծծեմ վարժապետորեն.

-Պարոննե՛ր, միք զլանար քանի մը պակասություններ նետել խեղճ երգիծաբանիս պնակին մեջ...

Ու կխոստանամ ամսե-ամիս հավաքածներուս մանրամասն հաշիվը տալ թերթերուն մեջ, և ոչ թե կարգ մը գործիչներու նման դրամները ժողվել, գրավվել, լռել ու խոկալ... Ըսենք դրամը կուտվի, բայց պակասության մասին թվաբանությունը կըսե. «Յուրաքանչյուր բացասական քանակություն` փոր չի կշտացներ»։

Երևան, 16 մարտի 1916թ.


ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻՆ ՆԱՄԱԿԸ

Երկինքեն Պարոնյանը նամակ մըն է ուղղեր ինձի, որը սակայն 18 տարվա գիր է։ Ինչպես կերևի յոթներորդ երկինքեն եկած նամակները վարի վեց երկինքներու մեջ խստիվ քննության կառնվին։ Իրավ է 18 տարի առաջ երկինքին ու երկրին միջև ուղիղ գծով հարաբերություն չկար. այդ գիծը բացվեցավ Սուեզի ջրանցքին բացվելեն քիչ առաջ խումբ մը հոգևորական-կապիտալիստներու ձեռամբ։ Հիմա կարելի է արդեն նամակ ստանալ ուղիղ գծով։ Նամակը Վերին Երուսաղեմեն ձգվելով` կիյնա Վարի Երուսաղեմ` իրենց տերերուն։

Պարոնյանին նամակ թեև հին, բայց անանկ նյութի մը մասին է գրված, որը միշտ նոր է հայ ազգին համար ու բնավ չի հիննար. այդ պատճառով բարձր կարդամ, դուք ալ լսեցեք։

Մեծապատիվ պարոն անունս ազգանունս

Կենդանի բարեկամս.

Հայտնի է, կարծեմ ձեզ, որ ես տարիներ առաջ մեռա... անոթի. սակայն ինձմե հետո մեռնողներուն պատմելուն նայելով, ես բոլորովին զուր տեղն եմ մեռեր և մահս եղեր է ազգին ցանկության հակառակ բան մը։

Կպատմեն, օրինակ, որպես թե Ազգը սկսեր է կշտամբել ինքզինքը շատ ծանր խոսքերով, որ ինձի օգնության չէ փութացեր ու թողեր, որ մեռնիմ անոթի։ Եղեր են բուռն հարձակումներ ինձի պաշտոնե զրկողներուն դեմ և դագաղիս վրա թովիչ խոսքեր մըն են ըսեր որպես թե ես հանճար մըն եմ, եղեր է լաց ու ավաղանք։ Չեմ գիտեր... եկողները անանկ կպատմեն, որ եթե ես չմեռնեի ու շաբաթ մըն ալ դիմանայի, Ազգը որոշել էր արդեն և օգնության պիտի փութար ինձի։ Ասիկա այն ցավալի հանգամանքը կցուցադրե, որ ես գուր տեղ, թյուրիմացությամբ եմ մեռեր, զոհ անհամբերությանս։ Ու դարձյալ նույն պատմողներուն նայելով՝ եթե շաբաթ մըն ալ տոկայի, օ՜, անկե ետքը Ազգը ամեն կողմե այնքան ուտելիք թափեր, որու սպառման համար պետք պիտի ըլլար գեթ 200 տարի ապրիլ։

Ուրեմն եթե ես երկու օր մըն ալ զսպեի ինձի, առտուներ հացի հետ պանիր ալ պիտի ուտեի ու ճաշին լուբիա։ Ի՜նչ երջանկություն։ Չգիտեմ, գուցե երևակայությունս քիչ մը սանձարձակ է, սակայն եթե նույնիսկ ատոր կեսը ենթադրենք, դարձյալ ահագին բան է։ Ափսոսանքս ու զղջումս մանավանդ անոր համար կայրե ինձի, որ ախր ես շաբաթվա մը հաց ունեի, ու չկերա անոր համար, որ ընտանիքս ինձմե ետք քանի մը օր ալ ավելի ապրի։ Եթե գիտնայի, որ Ազգը այդքան սրտացավ է հանդեպ ինձ և պատրաստ է... մեռնելես ետքը օգնության փութալ ինձի, իհարկե կուտեի։ Բայց զարմանալի բան. ինչպե՞ս Ազգը դեպի ինձ ունեցած այդ բուռն սերը կրցած էր թաքցնել անտարբերության քողով, ինչպե՞ս իր շարժումները չէին դավաճաներ իրեն, չնայած որ ես միշտ կխուզարկեի անոր սրտին ծալքերը, թե արդյոք իմ մասին որևէ համակրանք չունի՞ թաքցուցած։ Կկրկնեմ, որո՞ւ միտքեն կանցներ, որ այդքան անտարբեր երևացող Ազգը, այսքան սիրեր է ինձի... Իսկ ես իմ դառնության րոպեներուն անիծեր եմ ան, Ա՛զգ իմ, ներողություն, հազար ներողություն, սիրելիդ իմ, ներե՛ ինձի իմ այն մեկ քանի դառն խոսքերուն, որ ըրի քեզի, ներե՛...

Ինչևէ, մենք զիրար չհասկցանք, բայց սխալն անուղղելի չէ. թողունք զգացմունքի խոսքերն ու անցնինք սույն նամակ գրելուս պատճառին։

Հիմա, ես, տեսնելով որ սխալմամբ եմ մեռեր, կուզեմ վերադառանալ երկիր ու նորեն ապրիլ։ Միայն թե այս բանի համար հարկավոր է գործը որոշ հաստատության տակ դնել։ Այս առթիվ ձեզմե խոնարհաբար կխնդրեմ նամակս ստանալուդ պես, անգամ մը գնա Ազգին մոտ և հարցուր. ըսե Հակոբ Պարոնյանը կըսե` եթե նորեն երկիր գամ, պիտի սիրե՞ս ինձի. ըսե, շուտափույթ պատասխանի կսպասե։ Եթե ըսավ «այո», ան ատեն խնդրեմ վազեվազ մեռիր ու ինձի լուր մը բեր։ Անհամբեր կսպասեմ։

Մնամ` քո Հակոբ Պարոնյան։

Հ.Գ. Նամակս արդեն վերջացուցեր էի, երբ քանի մը ննջեցյալներ, որոնց դագաղին վրա նույնպես աղու խոսքեր մըն են եղած, իմանալով, որ երկիր նամակ կգրեմ, խնդրեցին իրենց մասին ալ հարցնել Ազգին, բայց դուն գործիդ նայե, եթե ամեն գովված մեռել ուզենա վերապրիլ, ո՞ւր կհասնի. անոնք դագաղին վրա ըսված քաղցր խոսքերուն կնային, մինչդեռ եթե այդպես ըլլա, երկնքի բնակիչները բոլորն ալ պիտի իջնեն կյանք. վասնզի, ան ո՞ր մեռելն է, որուն դագաղին վրա գնահատական խոսքեր չի եղեր...

Իմ կողմանե.- Ես եթե մեռնելու ըլլամ, շատ-շատ երկու ամիսեն հազիվ վասնզի հուլիս և օգոստոս ամիսներու նպաստը ստացված է։ Անանկ որ, անկե առաջ լուր տալ անկարող եմ ինձմե անկախ սույն պատճառով։ Իսկ գալով նամակին պատասխանին, իմ կարծիքով սա բանին մեջ մեղավորը ինքը` Պարոնյանն է։ Անիկա ինքնագլուխ մեռնելեն առաջ պարտավոր էր բաց նամակ մը ուղղել Ազգին թե` Ա՛զգ, ահավասիկ ես անոթի եմ ու կմեռնիմ. կամք կուտա՞ք այս բանին, թե ոչ։ Բնական է, Ազգ մը չի կրնար մարգարե ըլլալ իր մեկ գործչին կարոտ վիճակը հասկնալու համար. հեռու չերթանք. դեռ անցյալներ Բաքուեն Ռ. Հովհանջանյանը տիար Ավետիս Ահարոնյանին օգնության ճիչը բարձրացուց «Արևին» մեջ. բայց տեսա՞ք ինտոր վերջինս ձեռքը անոր բերնին դրավ, որ չպոռա, առարկելով, որ իրեն չի վայելեր կուշտ ըլլալ, երբ Ազգը անոթի է։ Այս տեսնելով, իհարկե, այսուհետև Ազգն ալ պիտի քաշվի օգնության ձեռք երկարել իր մեկ կարևոր անդամին՝ մերժումեն վախնալով։

Մինչ մեր մեջ սովորություն մը դարձեր է ցավալի կերպով, որ կարևոր ազգային մը մեռնելուն պես իսկույն Ազգին օձիքը կճանկենք, թե ինչո՞ւ թողիր, որ մեռաներ, օգնեիր թող, սանկ-նանկ...

Մինչև այսօր գեթ ես տեսած չեմ, որ գործիչ մը Ազգեն հաց ուզած ըլլա, ան քար տա, կամ ձուկ ուզած ըլլա, ան օձ տա. ինչ-որ ճշմարիտն է ան ըսենք։

Եթե երկինք հանդիպեցա, այսպես ալ կըսեմ Պարոնյանին։

Դուք ի՞նչ կարծիքի եք... այսպես ալ ըսեմ, չ՞է։

1917թ.


ՆԻԿՈԼԱՅ ՑԱՐԻՆ ՆԱՄԱԿԸ ՈՒԼՅԱՆՈՎ ԼԵՆԻՆԻՆ

Աքսորական ցարը ընդարձակ նամակ մըն է ուղղեր Լենինին‚ որմե քաղվածաբար կբերենք հետևյալը։

Սիրելի Լենինին‚ գաղափարակից ընկեր իմ.

Սրտի անհուն բերկրությամբ օրը օրին կլսեմ գործերուդ մասին։ Իմ կալանավորվելես ի վեր միշտ այն մտահոգությունն ունեցած եմ. թե ինձի հաջորդ մը չթողի աքսոր երթալես առաջ. Հիմա ուրախ եմ‚ որ դուն իմ տեղս անցած գործս կշարունակես ամենայն ճարտարությամբ։

Առանձնապես հաճույք պատճառեց ինձ Բուրցևի ձերբակալությունը։ Ամուր բռնե ատոր‚ այդ խլուրդին‚ որու ամբողջ գործը եղած է միապետական գաղտնիքները անքաղաքավարորեն հրապարակելուն մեջ։ Եթե հաջողի քեզի Կերենսկիին բռնել‚ լուր տուր ինձի‚ սիրտս բավական պիտի թեթևի իմ ախոյանին կալանավորման ի տես։ Անոր կախե անպատճառ։

Ներիր սա հարցմանս. դուն եթե այդքան մոտիկ էիր իմ գաղափարներուս‚ ինչո՞ւ իմ իշխանությանս օրոք քեզի հեռու կպահեիր ինձմե ու չէիր գործակցեր ինձի։ Եթե իմ գահընկեցությանս օրը դուն Ռուսաստան ըլլայիր‚ գիտեմ, որ այս փորձանքը չպիտի գար գլխուս։ Ինչևէ‚ ես հիմա երջանիկ եմ անով‚ որ իմ վրեժիս հատուցումը քո վստահելի ձեռներուն է հանձնված։ Դուն լիապես կրնաս օգտվել իմ կազմած գաղտնի ոստիկանական կազմեն‚ որք գուցե քայքայված ըլլան քիչ մը‚ բայց եթե վերակազմելու ըլլաս՝ քեզի անգնահատելի ցուցմունքներ կրնան ընել։

Պուրիշկևիչը ո՞ւր է հիմա‚ անոր կամ Մարկով 2-ին գտիր‚ անոնց հետ կրնաս սրտաբաց ըլլալ‚ անոք իմ և‚ հետևաբար‚ քո բարեկամներն են։

Լսածովս դուն հանցավորները կգնդակահարես‚ ես կկախեի սովորաբար։ Միայն սա կետին մեջ ես ու դուն կտարբերվենք իրարմե‚ բայց ատիկա մանր տակտիկական խնդիր մըն է‚ որ չի կրնար մեզի իրարմե բաժանել։ Մեր երկուսին ալ նպատակն է հեղափոխականները ջնջել‚ ըլլա կախաղանով կամ գնդակով՝ միևնույն է։

Դուն քեզի կոմիսարներու նախագահ անունը տված ես։ Պետք է ըսել‚ որ այնքան ալ հարմար անուն մը չէ ատիկա։ Ցար կոչվել ավելի լավ է‚ քան կոմիսար։ Թեև‚ ըսենք‚ քանի որ պաշտոնները միևնույնն են‚ անունը ինչ կուզե թող ըլլա‚ միայն ըսել կուզեմ‚ որ ինձի ցար տիտղոսը ավելի ախորժելի կուգա‚ քան կոմիսար։

Կարդացի Գվոզդևին նամակը։ Որպես թե իմ ատեն յոթն անգամ ձերբակալվեր է ու իմ պատճառած տանջանքները քոնի հետ համեմատած անմեղ կատակներ են եղեր... Առ այս կուգամ հայտնելու‚ որ ատիկա անպատկառ սուտ է‚ որը կուգա իմ պատիվը արատավորելու։ Ես ամեն անգամ քաջաբար պատժած եմ հանցավորները և նույնքան խիստ‚ որքան դուն‚ միայն սա կա‚ որ իրավ է‚ ես բանտին մեջ մարդիկ չէի մերկացներ‚ բայց ատոր փոխարեն ես ալ անանկ բաներ կընեի‚ որ դուն չես ըներ։ Գվոզդև և նմանները կուզեն ցուցնել‚ որ մենք որպես թե տարբեր ուղղությամբ ենք գործեր‚ բայց կուգամ հայտարարելու‚ որ մեր երկուսիս գործունեությանց մեջ մազաչափ տարբերություն անգամ չկա։ Ես Շմիդտը գնդակահարեցի‚ դուն յունկերները‚ ես Սպիրիդոնովան բռնաբարեցի‚ դուն՝ կանանց բատալիոնը։ Ես ալ կամեցա հաշտվել գերմանացոց հետ‚ դուն ալ կուզես նույնը ընել... Ա՜խ‚ ա՜խ.. սիրելի Ուլյանով‚ սիրտս լեցված է անհուն կսկիծով‚ կուզեմ բանալ առջևդ‚ բայց գրիչս չի զորեր...

Որիշ ինտո՞ր ես։ Տիկինդ ինչպե՞ս է։ Եթե Ռասպուտինը ողջ ըլլար‚ անշուշտ կուրախացներ տիկնոջդ‚ ինչպես ժամանակին ուրախացուց կնկաս։

Սրտագին բարևներով՝ քո ՆԻԿՈԼԱՅ:

Հ.Գ. Իրավ մոռցա ըսելու. չէր կարելի հրամայեիր. որ Պետրոգրադ գայի ես‚ կարծեմ այլևս անձիս համար վտանգ մը չկա‚ քանի որ բոլոր հեղափոխականները բանտն են լեցված։ Համենայն դեպս՝ այս կետը քո ուշադրությանը կհանձնեմ։ Եթե դա վաղաժամ կգտնես՝ հոգ չէ‚ քանի մը օր ալ կսպասեմ։

1918թ.


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԻՆԻՍՏՐ ՆԱԽԱԳԱՀ

ՔԱՋԱԶՆՈՒՆԻԻՆ

Վսեմաշուք տեր.

Կյանքիս մեջ բնավ մինիստրի հետ խոսած չունեի‚ այդ պատճառով Ձեզ ներկայանալուս այն վախն ունեցա‚ ինչ որ ունեցած էր Մովսեսը Փարավոնի առջև ելած պահուն։

Ձեզի կուգայինք խոսելու արևմտահայ դպրոցի թշվառ ու անոր ուսուցչության թշվառագույն վիճակի մասին։

Լսած ըլլալով‚ որ կառավարությունը չի բարեհաճած հաստատել մեր դպրոցներու նախահաշիվը‚ ուզեցինք գիտնալ նախ՝ ճի՞շտ է այդ‚ երկրորդ՝ եթե ճիշտ է՝ ինչու՞ ճիշտ է‚ քանի որ մեր հազարներու հասնող աշակերտությունը փողոցն է մնացեր՝ անուսում, իսկ հարյուրներու հասնող ուսուցչությունը տունն է մնացեր՝ անոթի։

Դուք ըսիք՝ այո‚ ճիշտ է‚ որ ձեր դպրոցները չենք ուզեր բանալ‚ քանի որ դուք «գնալու եք ձեր երկիրը‚ ու արդեն իսկ այս րոպեիս սկսել է տաճկահայոց վերադարձը»։

Մենք առարկեցինք‚ որ այս ձյունին-բուքին անհավանական կթվի վերադարձի որևէ փորձ դեպի անապահով ու անբնակ երկիր մը ու մանավանդ այդ իմաստով հրահանգ չկա պատշաճավոր իշխանութենեն. հիմա գուցե երթան այն հուսահատները‚ որոնք կուզեն սահմանին այն կողմը մեռնիլ. ու վերջապես ըսինք‚ եթե նույնիսկ ճշմարիտ է‚ որ կերթան‚ խո՞մ կեսը կմնան‚ կամ կեսին կեսը. բացեք հինգ դպրոց‚ կամ երեքը‚ կամ երկուսը և վերջապես մեկը միայն.

-Ուրեմն դուք կուզեք դպրոցները բանանք‚ որ տասնյակ մը ուսուցիչներ ամսակա՞ն ստանան‚ -վրա բերիք դուք այնքան դառն‚ որպես թե թյուրքահայ ուսուցչի ամսական ստանալը ծանր հանցանք‚ կամ խիստ ամոթալի բան մը ըլլար։

Երբ առարկեցինք‚ թե թյուրքահայ ուսուցիչն ալ մարդ է‚ ան ալ կուզե ապրիլ՝ ըսիք.

-Ապրիլ կուզե‚ թող երթա իր համար ապրի‚ կառավարությունն ի՞նչ պարտք ունի ապրեցնելու զանոնք։

Այնուհետև ուզեցինք քանի մը բան ալ առարկել՝ երբ ըսիք. «մի վիճեք» ու անանկ թթու դեմք մը շինեցիք‚ որը կթարգմանվեր՝ բավական է‚ գլուխս մի տանեք‚ գացեք ձեր գործին. ավելի պարզ՝ կորեք այստեղեն։

Հոգ չէ‚ չենք վիրավորվիր. ես գեթ այն կարծիքին եմ‚ որ պետություն մը‚ ինչքան ալ պզտիկ ըլլա‚ անոր մինիստրը իրավունք պետք է ունենա իր մեկ հպատակին կորիր ըսելու։ Խնդիրը հոդ չէ‚ այլ հոն‚ որ թյուրքահայ ուսուցչությունը ինչքա՜ն քիչ իրավունք է ունեցեր ապրելու այն կառավարության օրոք‚ որ «հայկական» կկոչվի։

Հայկական կառավարությունը չի ուզեր պահել չորս ամիս ուսուցչություն մը‚ որին ռուսական կառավարությունը չորս տարի պահեց.

Վսեմաշո՛ւք Տեր. կհիշե՞ք ասկե երեք տարի առաջ‚ երբ հայերը դաշնակից պետություններեն ինքնավարություն խնդրելու կպատրաստվեին ու ինքզինքնին հաչս այդ պետությանց կուլտուրական ազգ մը ցուցադրելու համար իրենց բոլորտիքը նայեցան բան մը գտնելու որպես փաստ իրենց կուլտուրականության ու չգտան‚ մինչև որ Վալերի Բրյուսովը Ռուսաստանեն ելավ եկավ հայերու ունեցած գրական գանձը‚ Գրիգոր Նարեկացին հանեց ու դրավ իրենց առջև։ Կհիշե՞ք որքան ուրախացան հայերը‚ ինչքան խոսեցին‚ գրեցին‚ Հայ գրողներու ընկերության մեջ քննության առին ու վերջն ալ եզրակացուցին՝ այն ազգը‚ որ Գրիգոր Նարեկացի ունի‚ արժանի է ինքնավարության։

Կտեսնա՞ք ազգի մը գրականությունը որքան մեծ արժեք ունի‚ իսկ ատիկա միայն դպրոցով կըլլա‚ դպրոցն ալ վարժապետով կըլլա‚ վարժապետն ալ ամսականով կըլլա։

Իսկ դուք կըսեք.-ես դպրոց բանամ‚ որ վարժապետները ամսակա՞ն առնեն.

Այն անգամ Նարեկացի մը ունեինք‚ որ ցույց տվինք ու ինքնավարություն ստացանք. բայց եթե թյուրքահայերը դպրոց չունենան ու երկրորդ Նարեկացի մըն ալ չծնին‚ դարեր հետո թյուրքերը գան նորեն Հայաստանը տիրեն‚ չէ՞ որ մենք բան մը չենք կրնար ցույց տալ դաշնակիցներուն՝ ինքնավարություն ստանալու համար.

Վսեմաշո՛ւք Տեր. մեր ուսուցիչները ոչ թե մեկ տասնյակ են‚ այլ երեսունյոթը տասնյակ, այո, անոնք երեք հարյուր յոթանասուն հոգի են‚ ողջ բանակ մը‚ դաս մը։

Այսօր‚ երբ Ձեր պետությունը օգնության ձեռք կմեկնե կայարանի երկաթուղային ծառայողներուն‚ անոնց համար խանութ կբանա‚ որ աժան լուցկի ու պապիրոս առնեն‚ կօգնե քաղաքի կոոպերատիվներուն‚ որ իրենց անկման դրութենեն ելնեն‚ այդ նույն Ձեր պետությունը թող կուտա‚ որ ողջ դաս մը հայկական գրի ու դպրության մշակներու՝ մեռնի. անոթի։ Գուցե‚ ինչպես շատերեն լսած եմ‚ դուք ալ ըսեք‚ թե ձեր վարժապետները անպետք‚ տգետ են մեծ մասով. բայց ինչ ալ ըլլան‚ չէ՞ որ ատոնցմե զատ ուրիշները չունինք‚ որ վաղը վերածնող Հայաստանը երթան ու լուսավորության ճրագները վառեն մեր ետ ինկած գավառներուն ու գյուղերուն մեջ։ Անոնք մեր ճրագներն են‚ մեկ մոմի լույս կուտան‚ անոնք ձեթի ճրագներն են‚ աղոտ քիչ մը‚ բայց այդ ճրագներեն ազատվելու դարմանը զանոնք հանգցնելը չէ‚ այլ ավելի լուսավորն անոր կողքին վառելն է։

Գարնանը ահա մենք երկիր կերթանք։ Կուգա՞ն մեզի հետ ձեր ցենզավոր‚ համալսարանական ուժերը‚ ձեր գիմնազիավարտ փափկասուն օրիորդները. կերթա՞ն Սասուն‚ Մուշ‚ Ալաշկերտ‚ Խիզան‚ Սպարկերտ‚ Շատախ‚ Կաճետ լուսավորելու՝ ոչ։ Ուրեմն ինչո՞ւ կփչեք մեր ձեթե ճրագները‚ երբ տեղը էլեկտրական ճրագներ չեք կախեր։ Մենք մութ-մութ ինդո՞ր երթանք մեր երկիրը։

Ժամանակով Լոբանովը ըսեր է՝ Հայաստանը առանց հայերու։

Իսկ դուք հիմա կըսեք՝ Հայաստանը առանց լույսի.

Եղա՞վ։ Չէ՞ որ Հայաստանը առաջավոր Ասիայի լուսավորության ջահակիրն ըլլալու պաշտոնն ունի.

Եվ այս բոլորը անոր համար՝ որ կես միլիոնի նախահաշիվ մը չհաստատվի։

Այո՛‚ կառավարությունը ֆինանսապես կես միլիոն շահեցավ‚ բայց բարոյապես մեկ ու կես միլիոն կորսնցուց։

Եվ ապագա պատմագիրը պիտի գրե.

«. Երբ Հայաստանի մինիստրության աթոռը բարձրացավ Հովհաննես Քաջազնունին‚ ռուսահայ դպրոցները բացավ‚ թյուրքահայոցը՝ գոցեց.»։

Թեև այսպես գրելն ալ քիչ մը սխալ պիտի ըլլա‚ վասնզի դուք ձեր դպրոցներն ալ չեք բացեր։ Նախահաշիվը հաստատեր եք‚ ուսուցիչները ըստ այդմ ամսական կառնեն‚ բանալու հրամանը արձակված է‚ բայց մարդ չկա‚ որ դռները հրե բանա։ Անցած օր Խրիմյան դպրոցի դուռնեն անցածս պահուն՝ տեսա քամին զարկեր դուռը բացեր էր‚ բայց մարդ չկար մեջը.

Վսեմաշո՛ւք Տեր. թույլ տվեք խոնարհաբար վայ տալու այն կառավարության‚ որուն դպրոցին դռները քամիները կբանան.

Իսկ գալով ուսուցիչներուն‚ այդ նույն պատմագիրը այսպես պիտի շարունակե.

«. Այդ նույն մինիստրի օրով՝ ռուսահայ ուսուցիչները ամսական կառնեին կապրեին, իսկ թյուրքահայ ուսուցիչներն անոթի կմեռնեին.»։

Իսկ այդ ուսուցիչներեն շատերը զինվոր էին ամառս ու սահմանը կպաշտպանեին‚ անոնք հագեր էին սալդաթի լոք-լոք կոշիկներ ու անոնց ոտներուն տակ տաս տեղով «պողոճակ» էր գոյացեր.

Կհիշեմ‚ երբ 1915-ի հերոսամարտեն ետքը Վանն ազատվեցավ, իշխանությունը դեռ շաբաթ մը հայոց չանցած՝ Կովկասեն պաշտոնացուներու տեղատարափ էր‚ որ սկսավ տեղալ։ Կարևորագույն պաշտոնները «պատրաստի մարդիկ չունենալուս համար» կովկասահայերը բռնեցին‚ մեզի մնաց միայն գրագրությունն ու դռնապանությունը.

Արդ‚ Վսեմաշուք Տեր‚ եթե Դուք որպես հայկական կառավարության գլուխ համահայկական հոգով եք տոգորված‚ եթե ռուսահայերը ձեր մեկ աչք են‚ թյուրքահայերը՝ մեկալ‚ պետք չէ՞ սրտանց ցավիք ապագա Հայաստանի այն խոշոր հատվածին վրա‚ որ գրագիրներ ու դռնապաններ միայն կրնա տալ.

Ու այս բոլորը‚ փոքրիկ գումարի մը համար.

Գումար մը‚ որ եթե Պոլիս ու Եվրոպա գացող ձեր պատվիրակները շաբաթ մը չածիլվեին՝ պիտի գոյանար։

Հետո ալ կելնեք կըսեք՝ եղբայրներ ենք։

Այո՛‚ եղբայրներ՝ բայց լայն օրերու համար։

Երբ ռուս կառավարությունը Աստված իր տունը շեն պահե առատ-առատ դրամ կհոսցներ մեզի համար‚ կուգայիք ամսականով մեզի «բարեգործություն»‚ «եղբայրական օգնություն»‚ «լիազորություն» կընեիք‚ իսկ հիմա որ կըսենք մեր վարժապետները սովամահութենե ազատեցեք մինչև քանի մը ամսեն Երկիր երթանք‚ դուք մեզի Բարդողյան ձյունապատ լեռնաշղթան կցուցնեք.

-Ամսականո՜վ եղբայրներ.

Ու քանի որ Ձեր կառավարության կեսը «սոցիալիստներե» կբաղկանա‚ որոնք ութժամյա բանվորական օրը կդավանեն՝ կըսեմ.

-Ութժամյա՜ եղբայրներ.

Մինչդեռ մե՞նք։ Տեսեք ի՞նչ կըսե Երևանի առաջնորդական փոխանորդ ու թյուրքահայ դպրոցներու հոգաբարձու Խորեն եպիսկոպոսը.

-Շնորհիվ թյուրքահայ գաղթականների‚ ռուսահայ այնպիսի գյուղերում դպրոցներ բացվեցան‚ որոնք իրենց օրումը չէին տեսել.

Այսպես կըսե ձեր եպիսկոպոսը մեր մասին։

Վերջապես‚ Վսեմաշո՛ւք Տեր‚ ի՞նչ երկարցնեմ‚ սաստիկ բարկացած եմ Ձեր այդ եսասեր կարգադրությանը դեմ‚ ու եթե ինձպես մարդ մը իրավունք ունենար բարկանալու մինիստրի մը վրա՝ պիտի բարկանայի.

Մնամ խորին հարգանոք՝ Լեռ Կամսար

1919թ հունվ.17‚ Երևան


ՆԱՄԱԿ ՔՐԱՖՏ ԲՈՆՆԱՐԻՆ՝ Ի ԺՆԵՎ

Արդար զայրույթ

Հարգելի Քրաֆտ Բոննար.

Թույլ տվեք քանի մը բառով անպատվեմ ձեզի։ Դուք ի՞նչ մարդ եք, որ մինչև այսօր չեք կրցած կարգին գործ մը գտնել, հայասիրությամբ կզբաղվիք։ Կամ ի՞նչ օգուտ կհուսաք բերել հայ ազգին ձեր սիրովը։ Ո՞վ է տեսեր ցայսօր, որ դիվանագիտական գործերու մեջ սերը դեր խաղա։ Ո՞ր զորավար սիրով ճակատամարտ մը վաստակեց։ Գեներալ Ժոֆրը գերմանացոց սիրելո՞վ հաղթեց, թե՞ Մառնի ջուրերուն մեջ խեղդելով։ Հա՞, քեզի հետ եմ։ Ձերդ մեծության հայտնի չէ՞, որ սերն ամուսնացողներուն միայն հարկավոր բան է՝ այն ալ ամուսնության առաջին տարին միայն...

Ձեզմե շատ ավելի մեծ Քրաֆտներ ու լորդեր սիրեցին հայերը. Լորդ Սալսբյուրին «ա՜խ» կքաշեր հայոց համար։ Գլադստոնը երազի մեջ միշտ հայերու հետ էր. իսկ նախագահ Վիլսոնը, խոմ գիտե՞ք, մեռնելուն՝ ծնողներ կանչելու փոխարեն հայ ազգը կանչեց վերջին տեսության, Վիլսոն՝ որ դիվանագետներու հետ սեղան նստելու ատեն ոչ մեկը չէր համարձակիր առաջինը ձեռքը կերակրի պնակին երկարել, Վիլսոն՝ առանց որի կարծիքին պետություն մը դեպի ձախ սանրած իր մազերը արտոնված չէր աջ կողմի վրա սանրելու...

Դուք, զվիցերացի կաթնավաճառներ, դիվանագիտության մեջ՝ կաթնակերներ։ Զվեցերիա։ Պզտիկ դեմք մը, որու վրա անճոռնի քթի մը նման բուսեր է Ալպերը։ Մենք ալ ունեինք մեր Մասիսը, որ ավելի բարձր է, քան ձեր Ալպերը. ի՞նչ օգուտ տվավ մեզ, բացի քանի մը անհամ ոտանավորներե... Ձեր երկիրը քարտեզին վրա կբռնե տեղ մը, որ ուշացած ճամփորդ մը, եթե շուտ տեղ հասնելու մտոք քայլերը քիչ մը լայն բանա, վրայեն կանցնի առանց իսկ նկատելու։ Պզտիկ պանդոկ մը՝ առջևը պարտեզ, ուր կայցելեն Եվրոպայի նորապսակներն իրենց մեղրամիսը վայելելու։ Ձեր ծառերու տակը կծառայի որպես «վիզիտներու» տեղ, գիշերը սիրահարներու, ցերեկը դիվանագետներու... այնքան «խալվաթ» է։

Մեկ փորձեցեք մյուս պետություններու շարքին սեղան նստել՝ տեսնենք դանակ-չանգալ կդնե՞ն ձեր առջև ու առանձին պնակ կլցնե՞ն, թե որևէ պետություն կառնի գոգը և իր ձեռքով կուտա ապուրը, որ չթափեք վրանիդ։ Զվիցերիան թող մեկ փորձի դերձակի մը շալվար պատվիրե՝ նայինք շալվարի փոխարեն «անձագ» վարտիք չի՞ կարեր...

Պիտի ըսեք՝ ինձի վրա ես բարկացեր, երկի՞րն ինչու մեջ կբերես...

-Ախր, Քրաֆտ Բոննար, շատ եմ բարկացեր, այնքան, որ ոչ միայն ձեր երկիրը, այլև ձեր սահմանակից պետությանց վրա ալ թափել կուզեմ...

Կսիրեք եղեր հայերը։ Երնեկ մեզի, ալ ինչ դարդ ունի՞նք... «Սեր» մը, որ մեր դարավոր թշվառության պատճառն է դարձեր։

Բիսմարկն իր ժամանակին երբ կըսեր՝ «իմ փտած զինվորը չեմ զոհեր հայուն», հայերը, մանավանդ անոնք, որոնք «սիրվել» կուզեին օտարներե, սաստիկ բարկացեր էին Բիսմարկին վրա, թե ինչո՞ւ իր ողջ բանակը չի զոհեր հայուն երբ մյուս պետությունները կզոհեն, ինչո՞ւ այսքան եսասեր է երբ մյուսները հայասեր են, ու Բիսմարկին վրա կնայեին որպես հրեշի մը որովհետև հայուն չէր սիրեր։

Իսկ ես այսօր կըսեմ։

Բիսմարկն ամենամեծ բարեկամն էր հայոց։ Եթե սկզբեն բոլոր դիվանագետները փոխանակ կեղծավորաբար սիրելու՝ անկեղծաբար ատեին, մենք փրկված էինք հիմա։

Այդպես է։

Հրեաներուն՝ «մեծ ազգ» ընելու հույսով՝ Աստվածն օրորեց, իսկ հայերը դիվանագետները օրորեցին ու վերջն էլ օրորոցը... շուռ տվին...

Հարգելի Քրաֆտ.

Երբ կտեսնեք, որ ատելությունը «սիրելեն» ավելի օգտակար է հայուն՝ ինչո՞ւ կշարունակեք սիրել։ Իսկ եթե «սիրելն» արհեստ մըն է ձեզի համար ու անով կապրիք, լավ չէ՞, որ ձգեք, այդ արհեստով ապրեն անոնք, որոնք ուրիշ գործ ընելու անկարող են։ Ստվար հայ գործիչներ մը կան, որոնք այսօր Եվրոպա կթափառին. անոնք ոչ լեզու գիտեն, ոչ արհեստ ունին. թողեք այդ արհեստն անոնց, իսկ դուք զբաղվեցեք անասնապահությամբ կամ մեղվաբուծությամբ՝ գործեր մը, որու համար ձեր երկիրն ստեղծված է։

Ի դեպ։

Դուք եթե պաստյո՞ր չեք՝ ուրեմն պաստյորի որդի եք, վասնզի Ավետարանի քարոզներն ավելի շատ կգործածեն «սերը»։

Վերջացնելով նամակս՝ կըսեմ.

Հարգելի Քրաֆտ, դուք մեզ կսիրեք, բայց մենք ձեզ չենք սիրեր։ Իսկ սերը փոխադարձ ըլլալու է, ապա թե ոչ՝ բռնաբարության կերպարանք կառնե։ Քանի դեռ շատ չեք խորացեր ձեր «սիրո» մեջ, անմիջապես մոռացեք մեզի ու սիրեցեք ուրիշին։

Չկա՞ն մեզ նման ազգեր, մեզմե ավելի մանր, ավելի գեղեցիկ...

1924թ.


ՆԱՄԱԿ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Անսկիզբ և անավարտ

Անցյալներ, երբ եղա ձեզ մոտ եւ ի միջի այլոց պաշտոն խնդրեցի ապրելու համար, դուք ի միջի այլոց խորհուրդ տվիք ինձ` կամ դաշնակցական տեսակետի վրա կանգնել ու քննադատել կոմունիստներին, կամ կոմունիստական տեսակետի վրա կենալ ու հարվածել դաշնակցությանը։

Երբ 5-6 քայլ հեռացեր էի ձեր դռնից, կամեցա ետ դառնալ ու հարցնել.

- Եթե կոմունիստ դառնամ ի՞նչ պաշտոն կստանամ, եթե դաշնակցական դառնամ` ի՞նչ պաշտոն։

Որովհետեւ այն մարդը, որ պաշտոնի համար պիտի որեւէ կուսակցության պատկանի` բնական է, որ ընտրե այն կուսակցությունը, որն ավելի ձեռնտու է իրեն…

Իսկ երբ 100 քայլ էի հեռացեր ձեր դռնից` կամեցա վերադառնալ եւ հետեւյալը հարցնել.

- Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ այս երկրում դաշնակցական լինելը անկարելի է. մի՞թե չգիտեք, որ ով դաշնակցական տեսակետի վրա կանգնի, նա Չեկայում պիտի նստի…

...Անցյալ օր, երբ կնոջս հետ մի ծանոթ թուրքի այգի գնացինք մեկ փութ սերկեւիլ առնելու, իմ հարցին, թե` «մեզ մի փութ սերկեւիլ կտա՞ս», թուրքը պատասխանեց.

- Ողջ բաղս քեզ փեշքեշ։

Այս հայտարարությունը, սակայն, բնավ չխանգարեց, որ կշռելիս մի մեծ սերկեւիլ վերցներ ու փոքրը դներ տեղը, որ կշեռքի թաթերը ուղիղ նայեին։

Աշխարհայացքիս մասին

Մենք ընդամենը երեք անգամ իրար ենք հանդիպած, եւ այդ բոլոր երեք անգամներն էլ, դուք դաստիարակի մը հոգատարությամբ, ցանկացել եք, որ ես աշխարհայացք ունենամ։ Մի անգամ նույնիսկ, ինքնասիրությունս խթանելու համար, անաշխարհայացք մարդը կապիկի հետ համեմատեցիք։ Խորհուրդ կուտաք քաղգրագիտություն սովորելու։

Քաղգրագիտությունը այնքան, ինչքան հարկավոր է սոցիալիստ հետեւաբար եւ կոմունիստ չլինելու համար` գիտեմ։

Գալով դավանանքիս, ընթացիկները երկուսն են` քրիստոնեություն եւ սոցիալիզմ, դավանանքներ, որք հավասար չափով հավատք են պահանջում իրենց հետեւողներից. մի բան որ իմ մեջ իսպառ բացակայում է։

Քրիստոնեությունը եւ մարքսիզմը, որպես միտք, որպես իդեա որին չպետք է հասնել պատիվ է բերում իր հանճարեղ հեղինակներին միայն` Քրիստոսին եւ Մարքսին։ Իսկ երբ այդ առօրյա գործածության համար չստեղծված թեորեաները մարդիկ ուզենան կիրառել, կստեղծվեն այն անհեթեթությունները, ինչ որ ականատես ենք ներկայիս։ Միլիոնավոր քրիստոնյաներ կան այսօր, որք երկու շապիկ ունեն եւ մեկը չունեցողին չեն տար, մեկ միլիոն կոմունիստ կա, որք հանդուրժում են վարձատրություն [17 «կոպարներու»]1։

Քրիստոնեությունն ու սոցիալիզմը ինչպես եւ բոլոր կրոնները իրենց սկզբնական շրջանում, տարակույս չկա, որ եղել են մաքուր եւ իդեալական։ Այդ այն շրջանն է, երբ իդեաները չեն ունեցել նյութական համապատասխանություններ հանձինս եկեղեցու եւ ծեսերի, երբ «ապարատ» գոյություն չի ունեցել տակավին։ Իսկ այն րոպեին, երբ հանդես եկավ «զոհը» իբրեւ անհրաժեշտ հետեւանք, առաջացավ քահանայական դաս, ու իդեան դարձավ գործ։

Տերմինները զանազան կրոններու մեջ զանազան են։ Մի տեղ [«մաֆոսղ»] կկոչվի, մյուս տեղ` «բյուջե»։ Մի տեղ «դասք քահանեից», այլ տեղ «աշխատավորներու կադր»։ Տեղ մը քահանաները երկար միրուք կթողնին ու փարաջա կհագնին, մյուս տեղ պեխն էլ կածիլեն ու գալիֆե շալվարով կպպտին։

Բայց այս բոլոր առերեւույթ զանազանությանց հիմքը այն հիմնական նմանությունը կկազմե, որ երկու կրոնների մեջ էլ կան մարդիկ, որք այդ կրոնները դավանելով կապրեն։

Կսիրեմ քրիստոնեությունը նախնական դարերի, երբ հետեւողները այրերի մեջ կապրեին, երբ կհալածվեին ու կխաչվեին իրենց գաղափարների համար։ Այսինքն այն շրջանը կսիրեմ, երբ հավատը իրենց վնաս էր բերում։ Ու կատեմ քրիստոնեությունը այն շրջանից սկսած, երբ սկսեց շահաբեր դառնալ իր հետեւողներուն։

Ինչպես թուրքի կանայք գեղեցիկ են, որովհետեւ փակված են, այնպես էլ կուսակցությունը գրավիչ է` երբ անլեգալ է։ Եթե մի հինգ տարի դաշնակցությունը շարունակեր երկիր կառավարել, պիտի դադարեր այլեւս կուսակցություն լինելուց։

...Ես չեմ հասկանում ինչո՞ւ կոմունիստները իրենց «կուսակցություն» են համարում։ «Կույս» գրաբար կնշանակե «կողմ»։ Եթե մի «կողմում» կոմունիստներն են, մյուս «կողմերում» ովքե՞ր են հապա։ Եթե կոմունիստական կուսակցությունը ինքզինքը հակադրում է «անկուսակցականությանը»` այդ սխալ է անում, ինչու որ այդ պարագային կնշանակե «անկուսակցականությունը» ոչ այլ ինչ է` քան մի «կուսակցություն»։ Մի կուսակցություն, որ ունի համոզմունք եւ ոչ մի հնարավորություն չի գտնում մտնել կոմունիստական կուսակցության մեջ։

Որովհետեւ, եթե համոզմունքը բացակայեր, էն ո՞վ էր, որ չպիտի մտներ կոմկուսի շարքերը, ուր մարդիկ ունեն դիրք, լավ ռոճիկ, պատրաստի օթոմոբիլներ, ձայնավոր ու անձայն հեռախոսներ ու կուլտուրայի բոլոր բարիքները։

Ընկե՛ր Աշոտ, եթե ես զուրկ լինեի աշխարհայացքից, ինչպես դուք եք կարծում, 21 թվին, երբ Թավրիզից վերադարձա, շատերի նման կուս. շարքերը կմտնեի ու ես էլ Չարենցի նման խորհրդային փողերով Եվրոպա կերթայի ու այնտեղի կաֆե-շանտանների կույսերուն ավետիք կուտայի, եւ ոչ թե սիոնի աղքատների նման մայթերի վրա այս ու այն «պատասխանատու ընկերոջից» պաշտոն կմուրայի ամբողջ վեց տարի։

Մի քանի բան կյանքի ու գրականության մասին

Եթե ընդունենք, որ «գրականությունը կյանքի հայելին է»` անմիջապես պիտի ընդունենք, որ խորհրդային երկրում կյանք չկա, որովհետեւ գրականություն գոյություն չունի։

Արտասահմանից բերված գրագետներով չի, որ գրականություն պիտի ստեղծվի։ Իմ կարծիքով պետք է Շիրվանզադեին պետական 2-րդ հյուրանոցից հանել եւ դնել թանգարանը։ Մի մարդ, որ ընդամենը երկու տարի առաջ բոլշեւիկներին «կարմիր բեշեննի» էր անվանում եւ երկու տարի հետո Լենինի փառքն է ճռվողում Լենինականի ավերակների վրա։

Գրականությունը ստեղծվում է ազատության մեջ։ Այսօր, եթե Շեքսպիրը հարություն առնե եւ մի գիրք գրե. Հայաստանի ցենզոր Մելիքսեթյանը պիտի ասի նրան.

- Ընկե՛ր Շեքսպիր, դեռ շուտ է ձեզ գրիչ վերցնել, դեռ գացեք «Քիթ Մաթո» կարդացեք…

Ասում են [Սեւանովսկին] ազատ է գրում` գեթ Ռուսաստանի ազատությունը տվեք մեզ։

Ես ձեզ հավատացնում եմ, որ միջնադարյան կաթոլիկ հոգեւորականությունը եթե այնքան խիստ լիներ հանդեպ Գալիլեյի ու Կոպեռնիկոսի, ինչքան այսօր Հայաստանի ցենզորն է հանդեպ հեթանոս գրողների, մինչեւ այսօր արեւը պիտի շարունակեր պտտվել երկրիս շուրջը ու երկրագունդը պիտի նստած մնար մի եզան եղջյուրի վրա…

Դուք ոչ թե նոր կյանք եք ստեղծել, ոչ թե կյանքի հունը փոխել եք, այլ կյանքի դիմաց խոշոր քարեր եք գլորել ու կյանքը [ուռչում է]։

Ո՞րն է դեպի սոցիալիզմ տանող ձեր ճամփան` կոոպերացիա՞ն։ Այո՛, ձեզ համար կոոպերացիան շարունակում է դեպի սոցիալիզմ տանել, որովհետեւ երբեք անձամբ չեք մտնում այդ Դանթեի դժոխքները։ Սա մի ամիս է կինս աշխատում է մի քանի արշին շապկացու առնել, շաբաթը մի քանի անգամ գնում, ճմլվում, կսմթվում, տրորվում ու ձեռնունայն գալիս է տուն։ Իսկ մի օր էլ, երբ առաջարկեցի նորից փորձել, նստեց ու երեխայի նման լաց էր լինում։

...Ու քանի որ դուք ձեր կանանց չեք ուղարկի կոոպերատիվ սպիտակեղեն գնելու, միշտ պիտի այն սխալին մնաք, որ կոոպերատիվը դեպի սոցիալիզմն է տանում…

Շինարարությո՞ւնը…

Եթե Հայաստանը վեց տարվա մեջ քսան տուն է շիներ, Ամերիկան օրական հարյուր տուն է շինում։ Եթե Հայաստանը Շիրակի ջրանցքը շինեց, Անգլիան Սուեզի ջրանցքը բացավ։

Տարբերությունը սա զույգ շինարարությանց այն է, որ նրանց շինածը մասնավոր է ու իրենց աչքի լույսի պես կպահեն, իսկ ձեր շինածը համայնական է ու ոչ ոք անձամբ պատասխանատու չէ։

Կհիշե՞ք ինչպես Նալբանդյան փողոցի համար 3 տունը երկուշաբթի շինեցին լմնցուն, երեքշաբթի ջուրը կապեցին վրան ու ծեփերը փրթավ։ Դուք կարծում եք պիտի չի գա՞ մի օր որ պետությունը ձանձրացած այդ բոլորից մասնավորներին վաճառքի հանի այն բոլոր տները, որք այսօր դեպի սոցիալիզմ տանող ճամփաներ կնկատվեն։

...Անցյալ օր ա. տպարանի խոշոր դռան ապակին քամին զարկավ փշրեց, ու բոլոր բանվորները հռհռոցով ու գոհունակությամբ ընդունեցին այդ փաստը1...


ՆԱՄԱԿ ԸՆԿ. ԼՈՒԿԱՇԻՆԻՆ

ՊԱՏՃԵՆ` ԲՈԼՈՐԻ՜Ն,

ԲՈԼՈՐԻ՜Ն, ԲՈԼՈՐԻ՜Ն

1.Ձեզ սաստիկ տեսնել կուզեմ։

2.Մինչև անգամ Թիֆլիս պիտի գայի այդ նպատակով` եթե դրամ ունենայի։

3.Ես, Ձեզ չըս՞ի, որ Սիբիրն անգամ երթաք` հետևեմ պիտի Ձեզի։

4.Որովհետև այն ժամանակ, երբ կարիքը հարձակեցավ վրաս, վիրավորեց ու կիսամեռ ձգեց գնաց` դուք էիք, որ Ձեր ավանակեն իջաք, ձեթ քսեցիք վերքիս, դրիք Ձեր գրաստի վրա ու Արամայիս Երզնկյանին ըսիք. պաշտոն տուր ասոր, խնամի` մինչև Թիֆլիսեն վերադառնամ։

5.Ձեզմե զատ մնացած բոլորը ղևտացի քահանաներ ու փարիսեցիներ էին, որք` իմ վերքին «խոսք» ու «խոստում» քսելով անցան։

Դուք` իմ Ողորմա՜ծ Սամարացին...

6.Այն օրը, երբ կդադրեք իմ մասին մտածելեն` օր մը առաջ ինձի անցագիր հանեցեք։

7.Այն օր կտրվի պիտի այն միակ թելը, որ կապեր էր ինձի այս երկրին։

8.Ինձի սովի են մատներ` որ գրեմ։ Ահա գյուղատնտեսներ, որք քիչ կաթ տվող կովի մը օրերով անոթի կթողուն, որ ստիպված կաթն ավելցնի։

Եթե անասնապահության այս մեթոդն է կիրառվելու` պետք կա՞ պանրագործարան կառուցել։

9.Անգործության ու կարիքի Գուբն եմ ինկած ինչպես Հովսեփ Գեղեցիկը։ Կնախանձեմ իրեն, որ իբրև գերի վաճառվեցավ իսմայելացի վաճառականներուն Եգիպտոս տարվելու համար։ Հոն, Եգիպտոսում, գուցե չկարողանայի ողջ Քանանը սովեն փրկել, բայց կփրկեի իմ ընտանիքը ու երեխաս, մանավանդ, որուն այնքա՜ն կսիրեմ։

10.Օր մը Շատունցին ըսի վրդովված. «Ասոնք մինչև բոլոր կուսակցականներու գործ չիտան` հերթը ինձի չի հասնի»։

Շատունցը պատասխանեց. «Իհարկե՛, այդպես պիտի ըլլա։ Կուզես, որ կուսակցականներուն անգործ թողունք` քեզի՞ գործ տանք»։

11.Վանում, երբ ես պզտիկ էի` այսպես կմտածեի։ Եթե Աստված մեկ է և արքայություն մը միայն գոյություն ունի` մի՞թե հայերը և թուրքերը մեռնելեն վերջ քով-քովի, միևնույն արքայության մեջ պիտի բազմեն։ Եթե այո` ինչու՞ այս աշխարհին մեջ այսպես կատեն զիրար։

12.Երևանում, հիմա, երբ մեծ եմ արդեն, այսպես կմտածեմ։

Եթե կոմունիզմը հանկարծ իրականանա և մեր աշխարհը երկրային արքայության վերածվի` «կուսակցականներն» ու «անկուսակցականները» հավասա՞ր պիտի վայելեն. կամ առաջինները թող պիտի տա՞ն երկրորդներին այդ արքայությունը ոտք կոխալու։ Եթե այո` հիմա ինչո՞ւ այսքան կատեն զիրար։

13.Հետո կհարցնեմ ինձի՝ եթե անկուսակցականները այսքան գարշելի են` կուսակցությունը մեկ անգամեն ինչո՞ւ չի բնաջնջեր, քանի որ ատոր բոլոր հնարավորությունները ունի։

Ու կպատասխանեմ այսպես։

Կուսակցությունը պրոտոպլազմ է, իսկ անկուսակցականները այն լորձանյութը, որ միջոց կուտա սաղմին ազատ շարժել ու չչորնալ մանավանդ։ Անկուսակցականը այս երկրին մեջ դերանուն մըն է ու կսպասի, թե երբ կուսակցությունը անունը կդնի` իրեն դեն շպրտելու և անվանն իր տեղը դնելու համար։ Անկուսակցականը այս երկրին մեջ զերո մըն է` թվանշանին ձախ կողմը գրված...

14.Հայտնի կոմունիստ Ս. Խանոյանը առանց երկար մտածելու գրեց. «Մենք գրականություն չունենք»։

Եթե ճիշտ է այն բնորոշումը` թե «գրականությունը կյանքի հայելին է»՝ չէ որ «գրականություն չունենք» ըսելը հավասար է «կյանք չունենք» ըսելուն...

Գրականությո՜ւն։

15.Կուսակցությունը կկերակրի գրողի մը այնպես առատ, որ այդ գրողը ցուլ կդառնա և փողոցին մեջ անցուդարձող աղջիկներու վրա կհարձակվի Չարենց և ուրիշի մը այնքան ժլատ, որ անկարող է անգամ գրիչ շարժել։

16.Աշխարհիս սկզբեն չի պատահած, որ ճշմարտությունը որևէ կուսակցության քովն ըլլա ամբողջովին։

Եթե հակառակը պնդեք, ըսելով թե ճշմարտությունը բոլշևիկներու քովն է, պիտի հարցունեմ.

-Բոլշևիկներեն առաջ ճշմարտություն չկա՞ր այս աշխարհիս մեջ։ Ճշմարտությունը ես միշտ երկու կուսակցությանց մեջտեղն եմ փնտրած ու միշտ ալ գտած։

17. Բայց ինչո՞ւ այսքան հեռացա նյութես։ Ես ձեզի պիտի պատմեի իմ մասին, ես որ ինկած եմ գուբին մեջ ու իբրև գերի անգամ իսմայելացոց ծախվելու համար «ա՜խ» կքաշեմ։

18. Գրե՜մ, գրե՜մ, ըսելիքս շուտ վերջացնեմ, վասնզի այն գրասեղանը, որի վրա կգրեմ` քանի մը օրեն կոմունալ բանկը վաճառքի պիտի հանի իր առնելիքի դիմաց, աթոռս պիտի քաշի տակես։ Եվ որովհետև այդ բոլորը 200 ռուբլի չի արժեր` գուցե և անկողինս։

19.Գրեմ ցավերս ու շուտ վերջացնեմ, վասնզի այն տունը, ուր կնստիմ հիմա, շուտով Գավգործկոմը աճուրդի հանի պիտի ու ծախի անոր, ով շատ դրամ ունի։

20. Ու կտեսնեմ, թե ինչպես հեռվեն կամաց-կամաց ինձի կմոտենա այն ժամանակը, երբ ես այլևս ոչինչ չեմ ունենա կորսնցնելու...

21.Վիքթոր Հյուգոն Ժան Վալժանին վրա տասը հատորնոց «Թշվառներ» է գրեր։ Բայց Հյուգոն, որ ողջ ըլլար և ծանոթ իմ պատմությանը` իր «Թշվառները», 15 հատորե բաղկանար պիտի։

22.Ընկե՛ր Լուկաշին, ես Ձեզ անպատճառ պիտի տեսնեմ։ Պիտի տեսնեմ ոչ Ձեզնից անպատճառ շնորհ գտնելու համար, պիտի տեսնեմ նաև վռնդվելու համար։

Դուք գիտե՞ք, որ ես այժմ պատիվ չունեմ։

Ես այսօր տոնեցի իմ մուրացկանության վեցամյակը։

Անպատիվ ըլլալու համար վեց տարվա ստաժը խիստ բավական է։

23.Մուրացկան էի նաև այն ժամանակ, երբ տեսակետներու դիպմամբ, իմ քաղաքական ֆելիետոններովս կուսակցության դիրքերը կամրացնեի։

24.Ես կանգնած եմ բոլշևիկյան ու դաշնակցական կուսակցություններեն հավասար հեռավորության վրա։ Իմ գրվածքներին մեծ մասը դաշնակցությունը կծաղրի, սակայն ոչ անոր համար, իհարկե, որ բոլշևիկնները պակասություն չունեն, այլ որովհետև վերջիններս առայժմս պակասություն չեն ուզեր ունենալ... հրապարակված։

Ես իմ գրական գործունեության ողջ տևողությանը դաշնակցության հասցեին անուշ խոսք մը ըսած չունիմ, բայց դաշնակցությունը մեկ ժամվա մեջ ինձ պաշտոն տվավ, բան մը, որ կոմկուսակցությունը վեց տարվա մեջ չկրցավ ընել։ Դաշնակցությունը, հարյուրավորներ իր կուսակցութենեն դուրս թողուց և ինձ պաշտոն տվավ. կոմկուսակցությունը կսպասի, որ իր վերջին պիոները պաշտոնի անցնի` նոր ավելցուկը տա ինձ։

25.63 անգամ Մռավյանին եմ գացեր. 39 անգամ Կարինյանին 1` Աշոտ Հովհաննիսյանին, 11`Երզնկյանին, 35 Շատունցին, 18` Կոստանյանին, 1` Ամիրխանյանին, 1` Համբարձումյանին, 4` Դր. Սիմոնյանին, 3` Պարչյանին. ընդամենը 176 անգամ։

Կըսեն «սպեց» չես, որ գործ տանք։

26.1915 թվին, Վանում, երբ հրաման ստացանք գաղթել, տունը թողնելեն առաջ մայրս ախոռը մտավ ու արձակեց մեր երինջը, որ կապված տեղը սովամահ չըլլա, այլ ազատության մեջ ման գալով մեռնի։

Դնենք թե անպիտան մեկն եմ, չարժե կերակրել ու իրավունք չունե՞մ պահանջելու խորհրդային կառավարութենեն, բայց իրավունք չունե՞մ պահանջելու, որ կառավարությունը մորս չափ կենդանասեր ըլլա չեմ ըսեր մարդասեր և մտնելով ախոռ, իմ կապերն արձակի, որ մսուրին փայտը կրծելով չմեռնեմ։

27. Մռավյանը կըսի. - Քեզի անցագիր չենք տա, իսկ պաշտոնի համար կմտածենք։

...Ո՜վ երինջ, քեզ տված ազատությանը կնախանձեմ։

28. Այս վիճակիս մեջ ստիպել, որ գրեմ` կնշանակի կախաղանի դատապարտվածի մը, նախքան պարանը վիզն անցունելը` ստիպեն անուշ երգ մը երգել...

29. Ընկե՛ր Լուկաշին, ես Ձեզ անպատճառ պիտի տեսնեմ։

Եկեք մեր տուն։

Ի՞նչ կա որ։ Օր մը ժողովներեն, օպոզիցիայեն, վերելքեն ու շինարարութենեն ձանձրացած` կառք մը նստեք և պատվիրեք քշել Ռուստամ խան համար 33։

Հիսուս, երբ Երիքովեն Երուսաղեմ կերթար` Զաքիոսին տուն հյուր եղավ։ Հավատացյալներու տուն հյուր իջնելով մեծ բան մը ըրած չեք ըլլար. ատոնք մխիթարված են արդեն։ Մխիթարության պետք ունինք մենք, հեթանոսներս, օրենքեն դուրս ինկածներս։

Ես Ձեզի կհրամցունեմ թեյ և եթե ցանկաք՝ կկարդամ այն հոդվածս, որ խմբագրությունը հավնեց` բայց վախեցավ տպել, մեջը ճշմարտություն քիչ մը շատ ըլլալու պատճառով։

30. Իսկ եթե Ձեզմե անկախ պատճառներով չպիտի կրնաք հրավերս ընդունել` հայտնեցեք թե ո՞ւր կրնամ տեսնել Ձեզ` և ե՞րբ։ Զանգահարեք Երևանի լուսբաժին` ինձ, վասնզի ես Ձեզ անպատճառ տեսնել կուզեմ։

31.Ի՜նչ մոլորություն։ Մինչև հիմա ալ կկարծվի, թե ամենամեծ հանցանքը «բանդիտիզմն» է և ամենաբարձր պատիժը` գնդակահարությունը։ Ժամանակն է փոխել կոդեքսը։ Ամենամեծ հանցանքը գրող ըլլալ` ու «տաղանդավոր գրիչ» ունենալն է ու ամենաբարձր պատիժը սովամահությունն է` ընտանյոք հանդերձ։

32. Սխալ է նաև Միքայել Նալբանդյանի սա խոսքը` թե «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի»։ Ոչ, ամեն մարդ մի անգամ չի մեռներ. մարդ կա որ 365 անգամ կմեռնի հասարակ` իսկ 366 անգամ նահանջ տարվա մեջ։

33. Անցյալ տարի բժիշկ մը, որ դասախոս էր Հայկական համալսարանին մեջ, կամենալով դանդաղ կերպով ինքզինքը սպանել, սյուլիմա ընդունեց ու շաբաթ մը գալարվեցավ։

Անմի՜տ, ինչո՞ւ սյուլիմա. «Տաղանդավոր գրիչ» մը ունենայիր ու դուն քո ողջ կյանքին մեջ պիտի գալարվեիր։

34. Ընկե՛ր Լուկաշին, ես Ձեզ տեսնել կուզեմ. զանգահարեք լուսբաժին և հայտնեցեք, թե ու՞ր կրնամ Ձեզ տեսնել։

35. Իսկ եթե օր մը պետք ըլլա Ձեզ գրել ինձի Ամերիկայեն կամ աշխարհիս ամենահյուսիսային քաղաք` Համերֆեսթեն` իմ հասցեն է` Երևան՝ աշխարհիս ամենաթշվառ մարդուն։

Փոշտալիոնը կճանչնա ինձի

1927.նոյ.12 Երևան

Մնամ` այս բոլորեն հետո միայն`

Լեռ կամսար