Լեռ Կամսար
20-րդ դարի հայ հանրահայտ գրող, երգիծաբան

Ստեղծագործություններ


ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ

Այսպես կկարծեի որ ըլլար

Ահա, կրկին անցավ առջևես։ Ան է. Ազգային գործիչը, տխուր ու մտածկոտ։ Չի խնդար ամենևին, վասնզի ազգը տառապանքի մեջ է. պիտի խնդա ան ատեն միայն, երբ Հայաստանը բաղձալի ազատություն ստանա։ Կյանքին մեջ մեկ անգամ խնդացեր է, մեկ ալ ժպտացեր։ Խնդացեր` երբ Բեռլինի մեջ 61-րդ հոդվածը կմտներ հայկական հարցին մասին, ժպտացեր Սան-Ստեֆանոյին դաշնագրին առթիվ։ Ամբողջ կես դարու մեջ երկու անգամ։ Ահավասիկ այս է, որ մտածել կուտա ինձի, թե եթե վաղը Հայաստանն ստանա իր բաղձացածը, մեր ազգասերը պիտի կրնա՞ սպասված խնդությունը ցուցանել իր երեսին վրա. արդյոք խնդալը մոռցած չպիտ՞ի ըլլա։

Չի արձագանքեր ամենևին ընտանեկան - անհատական ուրախությանց։ Եթե պատահի, որ առ ի քաղաքավարության խնդա իր բարեկամին մեկ ըսածին վրա, ետքը սրտի խորերեն ճամփա կհանե անանկ ծանր համազգային հառաչանք մը, որ կխորհիս ավելորդ էր այս փոքրիկ ժպիտը որսալ, քանի որ այսքան խորը հառաչանքի հետ էր կապված։

Այսպես, օրինակ՝ իր սրտակից մեկ բարեկամը մոտիկնալով եթե ըսե` «երեսուն տարվա ամլութենեն զկնի վերջապես կինս արու զավակ մը ծնավ, լսե՞ր ես»...

-Ի՞նչ կըսես, իրա՞վ, ուրախ եմ և ուրախ կըլլա... Բայց ա՜ախ, ի՞նչ օգուտ, որ սա Հայաստանը չազատվեցավ, - պիտի պատասխանե մեր Ազգային գործիչը ու առաջ անցնի գլխերեր։

Դռան զանգը քաշելուն, երբ ան իր տամուկ աչքերը դեպի վերի պատուհանը կուղղե ստուգելու, թե լսեցի՞ն զանգի ձայնը, թե ոչ, կըսեմ. ահա վշտակիր Հիսուսը, որ Գեթսեմանին մեջ կաղոթե. իսկ երբ ընթրիքի սեղանին վրա ընկերները գինիի գավաթը տված ձեռքը կստիպեն, որ խմե` ան նույն վշտակիր հայացքը վեր նետելով կմրմնջե. «Տե՜ր, եթե կարելի է աս բաժակը անցուր... իմ կոկորդեն վար»...

Մեկ հանգամանք կա, որը սակայն դժվար է բացատրել։ Բանն այն է, որ սա Ազգային գործիչը ամուսնացած է ու կին ունի։ Արդյոք պսակված մարդիկ ի վիճակի՞ են իրենց ողջ ժամանակը տրամադրել տխրության ու ազգին, քանի որ հոն սիրելու նման փափուկ գործ մը ունին կատարելիք, որը սակայն առանց ժպիտի չըլլար։ Օրինակ՝ ան ինչպե՞ս կրնա կնոջը սեղմել կրծքին ու չըսել. «Օ՜հ, որքան երջանիկ եմ»... Իսկ մենք գիտենք, որ ան սկզբունքով որոշեր է երջանիկ չըլլալ, քանի ազգը գերության մեջ է...

Ասկե զատ ինձի անանկ կթվի, թե սա մարդ տանը մեջ կուտե ալ, վասնզի չեմ կարծեր, որ մարդս կրնա առանց ուտելու ապրել։ Ահա հարց մը ևս. ուտելու գործողությունը, որ զուտ անհատական-եսական բնույթ կկրե, ինչպե՞ս պիտի պատշաճեցնե իր համազգային նիստ ու կացին։ Շիտակը ես խիստ պիտի զարմանամ և բավական ալ պիտի հիասթափվիմ, եթե օր մը տեսնեմ զայն ծամելիս։ Տարակույս չունիմ, որ ձեռքեն եկած միջոցները կգործադրե ճաշին զվարճական-վայելչական հանգամանքը ջնջելու և ազգային տխրությամբ համակելու։ Օրինակ, սրբապղծություն պիտի ըլլար կարծել, որ արգանակի պնակը սեղանին վրա դրվելուն պես պիտի գդալը վերցնել փութա. ո՛չ, ան նախ պիտի հանդիմանե զկին, որ այդպիսի յուղալի ու համով կեփե կերակուրները երբ ազգը գերության մեջ է, որ առնվազն անարգ անձնապաշտություն է։ Պիտի պոռա ի տես երկրորդ տեսակին, պիտի գազազի ի տես երրորդին ու պիտի փրփրի չորրորդ մարսողականը տեսնելով։ Ու վերջեն քանի մը «ա՜խ, վա՜խ» քաշելով քիչ մը ավաղելով ազգին անցյալ փառքը՝ հազիվ պիտի մոտիկնա սեղանին, ու կամքին հակառակ... բոլորն ալ ուտե։ Վերջեն սրբելով պեխերը, ըսե պիտի.

-Կշտացա։ Բայց... ա՜խ, ի՞նչ օգուտ, քանի որ ազգը չազատվեցավ իր տառապանքեն։

Գիշերները, իմ կարծիքով, պիտի քնի շատ անհանգիստ։ Սպասավորին պատվիրե պիտի, որ գիշերվա որ ժամին ալ ազգը ազատվի, իրեն ձայն տա։ Իսկ առավոտները աչքը բանալուս նախ պիտի հարցնե.

-Ազատվեցա՞վ ազգը։

Եթե «ոչ» պատասխանեցավ, ան պիտի հագնվի ու կլուբը անցնի, վասնզի ի՞նչ սրտով տանը նստե, քանի որ ազգը տառապանքի մեջ է...


Բայց հակառակը դուրս եկավ

Դատելով վերոհիշյալ Գործիչին արտաքին տեսքեն, ես այդպես կկարծեի, որ ըլլար։ Բայց... ավա՜ղ, դիմակը պատռվեցավ, ես սխալված էի չարաչար։ Ատիկա միայն արտաքին երևույթ էր, իսկ ներքուստ, պարոննե՛ր, այնքան տարբեր դուրս եկավ, որ եթե բերեմ փաստեր, անկարելի է, որ հավատաք։ Այդ Ազգային Գործիչ կոչված մարդը կատարյալ դավաճան մըն է եղած։ Ես այս կըսեմ ու պատրաստ եմ ապացուցել ըսածս։ Ես կապացուցեմ, որ ան ոչ միայն ճաշին համաձայն է համեղ կերակուր ուտելուն, այլև ինքն է անուղղակի թելադրողը, որ անուշ եփվին, ան յուրաքանչյուր ճաշեն ետք կուտե միրգ... կրնայի՞ք երևակայել... Ուժեղ փաստեր ունիմ ապացուցանող, որ ան ձմեռն ամբողջ մեղրով կարագ է կերեր առտուներ ու կակաո խմեր վրան, առանց մի րոպե իսկ մտքեն անցունելու, թե ազգը դեռ չի ազատված իր տառապանքեն։ Կա ավելի սարսափելին։ Պարոննե՛ր, ես իմ աչքովս տեսա, որ մութ երեկո մը այր և կին միասին թևանցուկ... լսեցի՞ք մտան թուրք նպարավաճառի մը խանութը, մեծ տոպրակով մը չամիչ ու բոված սիսեռ խառը առին ու անմիջապես փողոցին մեջ իսկ ուտելու ձեռնամուխ եղան։ Այս բանին իբր վկա՝ կրնամ կանչել գրագետ մը, կառապան մը ու զինվոր մը, որք նույն ժամուն հոնկե կանցնեին։

Իսկ գալով անոր չխնդալու պարագային, իմ մոտիկ բարեկամներես մեկը, որուն ճշտախոսություն վրա անկարելի է կասկածիլ, պատմեց ինձի հետևյալը։

Կիրակի առտու, կըսե, մեր Փեբրոնին ակռաները սաստիկ ցավեցան։ Ելա, ըսի երթամ ատամնաբույժեն խորհուրդ հարցնեմ։ Գացի դեռ վեր չէր ելեր. ըսի մտնեմ զբոսարանը քիչ մը նստիմ մինչև կարթննա ատամնաբույժը։ Հոն, կըսե, պարտեզին հեռավոր անկյուն մը նստեր էին Ազգային Գործիչը և իր կինը։ Այդ միջոցին անոնց առջևեն կանցներ քաղաքիս նոտարը իր շանը հետ, որը քիչ մը ետև էր մնացեր։ Երբ շունն անոնց նստարանին մոտեցավ, Գործիչին կինը խլելով իր մարդու ձեռնափայտը, անցնող շան պոչը մեջն անցուց ու ոլորեց։ Նոտարին շունը ծղրտաց ու փախավ` մեր Գործիչը... խնդաց։

Եվ այս պատմողը պատրաստ է դատարանի առաջ իսկ ապացուցել այս բան...

Հը՞... վա՜յ, վա՜յ...

Ասկե առաջներ, երբ դրսե-դուրս մարդիկ ինձի կըսեին Ազգային Գործիչը իր տանը մեջ վալս կերգե, ես չէի հավատար, կըսեի անպատճառ «Մեր հայրենիք, թշվառ, անտեր» է երգեր, ասոնք անձնական թշնամութենեն մղված կուզեն զրպարտել զինքը. բայց ասկե վերջ եթե ըսեն, որ ոչ թե կերգե, այլ վալս կպարե անգամ` պիտի հավատամ, վասնզի այն մարդը, որ առտվներ կակաո կգործածե, փողոցին մեջ թևանցուկ չամիչ կուտե և նոտարի շան մը պոչին վրա կխնդա, այդ տեսակ մարդե մը, կըսեմ, ամեն բան կարելի է սպասել։

-Ո՜վ սուրբ խաբեություն...

Մինչդեռ ես քանի՜ քանի՜ մը անգամներ փողոցեն անցնելուս տեսեր եմ անոր սև գլխարկը փոշոտ, ուզեցած եմ զգուշացնել, կարծելով, որ պատի կամ ցած առաստաղի է քսեր, սակայն միշտ ալ մտածելով, թե կրնա ըլլալ, որ իբրև սգո նշան` իր ձեռքով է հող ցաներ գլխուն` չեմ ըրած այդ քայլը, իսկ ասկե վերջ ոչ միայն պիտի զգուշացնեմ, որ մաքրե գլխարկին փոշին, այլև պիտի մոտենամ ու հոտոտեմ, եթե մոռցեր է օդեկոլոն ցանել վրան, հիշեցնեմ այդ, որպես կարևոր մոռացում մը։ Ինչո՞ւ կզարմանաք, շա՞տ հեռու է անկե օդեկոլոն գործածելը։ Բարեկամ, մի զարմանար, բարքերու անանկ այլասերած դարումը մը մեջ կապրինք, որ անհավատալի ոչինչ չկա։ Հավատա, որ ան կխնդա, կերգե, կուտե, կպարե, գիշերները շատ հանգիստ կքնանա ու երազին մեջ ազգն ալ անոր տեսնե, ան ազգին չի տեսներ...

1917թ.


ԳՐԱՎՈՐ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏՆԵՐ

Դաշնակցական պրոպագանդիստ Վահան Վրնջունին, որ նոր էր ավարտեր պրոպագանդիստական դպրոցը, քաղաքեն գավառ կաճապարեր կուսակցական օգնություն հասցնելու հայ գյուղացուն։

Սոցիալ դեմոկրատ Գուրգեն Քրքիջյանն ալ գավառեն կդառնար իր քարոզչական միսիան կատարած։

Դեպքն այնպես բերավ, որ թեև հայացքներով տարբեր, բայց միևնույն պանդոկին մեջ պիտի գիշերեին։ Պառկելեն առաջ, Քրքիջյանը հանեց ծոցատետրը և կամեցավ ստուգել, թե իր այդ օրվա խոսածները ուղի՞ղ կհամեմատեին ծոցատետրին ցիտատներուն հետ, և թե մոռացմամբ դաշնակցական մտքեր չէ՞ր քարոզած։

Վրնջունին ալ անդին իր ծոցատետրը աչքի կանցուներ՝ վերհիշելու սովորածները ու վաղվան խոսելուն պատրաստվելու համար։ Երբ համեմատեցին ու վերահասու եղան մեկը իր խոսածին, մյուսը իր խոսելիքին, ծոցատետրնին ծալեցին ու մոտեցան իրարու` չափվելու քիչ մը։

-Ընկե՛ր,-ըսավ Վրնջունին, որը իբրև նորավարտ, ամեն հանդիպողին վրա իր գիտությունը փորձել կուզեր, այնպես ինչպես մեկը դանակը հեսանելե վերջ, ամեն հանդիպած փայտին կքսե սրությունն ստուգելու համար։

-Ընկե՛ր,- կրկնեց Քրքիջյանը։

Մինչև հոս համաձայն էին իրարու։

-Կարծեմ թե դուք ալ սոցիալիստական կուսակցություն եք, այնպե՞ս է, - հարցուց Քրքիջյանը։

-Այո՛, մենք սոցիալիստներ ենք,- պատասխանեց Վրնջունին։

-Եվ եթե չեմ սխալիր, միևնույն ատեն դեմոկրատներ եք մեզ նման։

-Այո՛, մենք դեմոկրատներ ենք, - ըսավ Վրնջունին վախցած՝ թե ինչո՞ւ պիտի այսքան մոտիկ ըլլային իրարու։

-Ահա՜, ուրեմն դուք սոցիալ-դեմոկրատներ եք, -վրա տվավ Քրքիջյանը անակնկալ հաջողածի մը ուրախությամբ ու սղմեց Վրնջունիին զույգ ձեռքերը։

-Բայց լսե՛, մենք սոցիալիստներ ենք, մենք դեմոկրատներ ենք, բայց մենք սոցիալ-դեմոկրատներ չենք, - ձեռներն ազատելով` հաղթական գոչեց Վրնջունին ու մեկդի երթալով կամաց մը բացավ ծոցատետրը։ Ու տեսնելով, որ շիտակ էր ըսածը, կրկնեց նույնը ավելի ինքնավստահ ու հպարտ։

-Այո՛, այո՛, ինչպես ըսի, մենք սոցիալիստներ ենք, դեմոկրատներ ենք, բայց մենք սոցիալ-դեմոկրատներ չենք։

Քրքիջյանը պարտված, ինքզինքը կժողովեր երկրորդ հարձակման մը համար։

Բայց Վրնջունին հառաջ տարավ հարձակումը։

-Կեցիր բան մըն ալ ես ըսեմ, - շարունակեց Վրնջունին, - չէ՞ որ մենք երկուքս ալ աշխատավորության շահուն համար կտքնինք, ամա, անա՜նկ է, թե ոչ...

-Հարկա՛վ, հարկա՛վ։

-Չէ նե բուրժուվային համար...

-Քա՜վ, քա՜վ լիցի, հրաժարիմք ի բուրժուվայե և համենայն կապիտալե նորա։

Եվ երկուքն ալ կռնակնին դարձուցին արևմուտք, ինչպես կընեն եկեղեցիին մեջ «հրաժարիմքին» ատեն։

-Հա՜, - առաջ տարավ իր խոսքը Վրնջունին, - ուրեմն ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ... եկուր դաշնակցական եղիր։

Քրքիջյանը զգալով, որ հասեր է փորձության ժամը` զգաստ դիրք բռնեց։

-Տարբերությունը խիստ մեծ է, պարո՛ն, - խոսեցավ Քրքիջյանը։ Սոցիալ-դեմոկրատիան կհենու արդյունաբերական պրոլետարիատի վրա, իսկ դաշնակցությունը՝ գյուղացիության։ Կամաց մը ծոցատետրին նայելով Հետո այս ալ ըսեմ` որ դուք կընդգրկեք կոոպերացիաներ ու կդավանիք ֆեդերացիա. մենք` կենտրոնացում կամ ավելի ճիշտ` ցենտրալիզացիա։ Թեև, եթե ասոնք ալ չըլլային, ես արդեն հաստատ աղբյուրե գիտեմ, որ դաշնակցությունը տարբեր կուսակցություն է, սոցիալ-դեմոկրատիան տարբեր։

Վրնջունին կամեցավ պաշտպանվիլ, բայց հակառակորդը շարունակեց։

-...Կեցի՛ր, կեցի՛ր, սա պարզ բան, դուք Կառլ Մաքս, Բեբել, Կաուցկի ունի՞ք։

-Ոչ։

-Ահա՛ քեզի խոշոր տարբերություն մը։

-Է՛, մենք ալ կրնանք մեր շեֆերու անունը Կառլ Մարքս դնել...

-Ջանըմ, ի՞նչ ըսել է, հարկավ կրնանք. Մարքս կա` Մարքս ալ կա, բոլոր Մարքսերը մե՞կ կըլլան։

Քրքիջյանը հարմար րոպե մը կորոներ, որ ծոցատետրը նայեր, վասնզի այսքանը ըսած էր առանց անգամ մըն իսկ նայելու, ինչ որ անձնապաստանություն ըսել էր։

Մինչև կեսգիշեր անոնք այսպես վիճեցին ու, ի պատիվ իրենց, պետք է ըսեմ, որ սկզբունքին հավատարիմ մնալով` միշտ հակառակ խոսեցան իրարու։ Վերջեն Քրքիջյանը պառկեցավ։ Հարկավ ոչ անոր համար, որ ըսելիք չուներ։

Վրնջունին ճրագը իր մոտ քաշելով խորամուխ եղավ իր ծոցատետրին մեջ, իսկ Քրքիջյանը աչքերը մութին սևեռած քնո հրեշտակին կսպասեր։

Այս միջոցին Վրնջունին հանկարծ աչքը տետրակեն բարձրացնելով պոռաց.

-Հապա, որ պատմության պրոցեսը ցույց չի տար, թե բանվորները հետզհետե ընչազուրկ կդառնան... Ասո՞ր ինչ կըսես։

-Պարո՛ն, քո կողմեն անազնվություն է լույսին մոտ նստել և հարձակվել մութին մեջ պառկողի մը վրա, - ըսավ Քրքիջյանը։ -Սակայն ինչ ալ որ ըսելու ըլլաս՝ ես սոցիալ-դեմոկրատ եմ։

-Այդ մեկ, -շարունակեց Վրնջունին, որը ամենևին միտք չուներ խնայելու հակառակորդին, - հետո` մեր կոոպերացիաներ 1893 թվին Հոլանդիո մեջ երկու անգամ կրկնապատկվեր են...

-Ինչ կուզես ըսե, ես սոցիալ- դեմոկրատ եմ։

-Իսկ հաջորդ տարին անոնց թիվը եղեր է այնքան, որքան Բելճիո մեջ 1881 և1882 թվերուն միասին վերցված...

-Ես սոցիալ-դեմոկրատ եմ։

-Հերքիր, է՜, ինչո՞ւ կլռես...

-Ես սոցիալ-դեմոկրատ եմ։

-Սո՞ւտ կխոսեմ...

-Ես սոցիալ-դեմոկրատ եմ։

-Ճի՞շտ կխոսեմ...

-Ես սոցիալ-դեմոկրատ եմ` և ահա կքնեմ. խնդրեմ քունիս մեջ անազնվություն չընես։ Կհայտարարեմ, ես սոցիալ-դեմոկրատ եմ թե քունիս մեջ` թե արթուն, - ըսավ Քրքիջյանը ու հաշիվը փակելեն զկնի` աչքերն ալ փակեց։

Վրնջունին ալ բոլոր հույսը կտրած` մարեց լամպն ու պառկեցավ, բայց աջ կողքին վրա, ինչու որ հակառակորդը ձախ էր պառկեր...

Ահա ճիշտ այս միջոցին, երբ անոնք կմրափեին յուրաքանչյուրը ըստ յուր ծրագրի, ներս մտավ պանդոկապետը, որը դուրսեն ականջ էր դրեր անոնց խոսակցությանը։ Անիկա կամաց մը մութին մեջ խարխափեց ու ձեռք անցունելով երկուսին ալ ծոցատետրերը, Վրնջունիին՝ Քրքիջյանի գրպանը դրավ, Քրքիջյանին` Վրնջունիին ու մեղմիվ հեռացավ։


***

Առտուն երբ պրոպագանդիստները ելլելով տետրերը վերցուցած սկսեցին իրենց հանապազօրյա աշխատանքը` Վրնջունին սկսավ սոցիալ-դեմոկրատական մտքեր քարոզել, իսկ Քրքիջյանը` դաշնակցական մտքեր, այնպես` ինչպես երեկ սոցիալ- դեմոկրատական։

Անոնց համոզումները փոխս էին ինկեր...

1917թ.


ԵՐՋԱՆԻԿ ԳՈՒԺԿԱՆՆԵՐ

Մեր ազգի բանիմաց մարդիկ գուժկաններ են դարձեր հասարակ ժողովրդին համար։

-Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ազգը ձեռքե գնաց, թյուրքերը Սարիղամիշն են, քյուրդերը Կարաքիլիսե, պարսիկները Շահթախթ,- կպոռա մեկը այդ գուժկաններեն ու տուն կմտնե։

-Ի՞նչ թյուրք, ո՞ր պարսիկ, ո՞ւր է Կարաքիլիսե. քալե երթանք, ցույց տուր սպանենք զանոնք, - ձայն կուտա ամեն կողմեն հասարակ ժողովուրդը և զենքն առած գուժկանին դուռը կվազե։

Գուժկանը պատուհանը կելնե։

-Թյուրքերը օսմանցիներն են, պարսիկները՝ շիաներն, Կարաքիլիսեն կգտնվի Խնուսեն արևելք, Դիադինեն արևմուտք, Ալաշկերտեն հարավ, Դութաղեն հյուսիս. աջ թևով կհառաջանաք, կծռիք ձախ` ահա այդտեղ է... Ծո, դեռ կեցե՞ր եք, հասե՛ք, հասե՛ք...

-Երթանք... բայց դուն չպիտի՞ գաս։

-Ծո, ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ, չերթալ կըլլա՞։ Դուք առաջացեք, ես հա՛, մտա թեյս խմեցի հասա, շատ տաք է. ժամ մըն է կփչեմ` չի սառեր։

Ժողովուրդը կերթա, կանցնի երկու ամիս ու դեռ ատ մարդուն թեյը... չի սառեր։

Երկրորդ գուժկանը ճակատեն կդառնա ձիով, գրպանը լեցուն, չաղ ռոճիկին մնացորդները մորուքին վրայեն սրբելով։

-Ծո՛, դուն դեռ հո՞ս ես, - կճչա ամբողջ ուժովը` կնոջ թևը մտած փողոցեն անցնող Մարկոսին վրա։

-Հապա ո՞ւր ըլլայի,- վախեն կնոջ թևը թողած կհարցնե Մարկոսը։

-Ո՞ւր, ճակա՛տը, ճակա՛տը, թշվառական, չե՞ս գիտեր։ Այս րոպեիս ես հոնտեղեն կուգամ, Մանազկերտն այրվեցավ, Խնուսը գաղթեց, ժողովուրդը սովալլուկ... և դուն դեռ կեցե՞ր ես,- կըսե մտրակը շարժելով։

-Մի պոռար, երթամ պիտի... արդեն ճակատն երթալու համար եմ տունեն ելեր,- կըսե Մարկոսն ամչցած ու վախեցած։

-Դե քալե՛, ալ ուշացեր ես։

-Իսկ դուն չպի՞տի գաս...

-Ծո, ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ. ես ազգային գործով եմ եկեր, գործս վերջացնեմ ու հասնեմ...

Մարկոսը ճակատը կերթա ու ինքը վերցնելով Մարկոսին կինը, զոր վաղուց կսիրեր, թևանցուկ տուն կդառնա... գործերը վերջացնելու։


ԶՎԻՑԵՐԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպես որ Զվիցերիո մեջ գերմանացիք, ֆրանսիացիք և իտալացիք կկազմեն դաշնակցական պետություն մը, անանկ ալ Հայաստանի մեջ դաշնակցականները, ռամկավարներն ու հնչակյանները կկազմեն դաշնակցական ազգություն մը, ազգային բոլոր հարցերու մեջ միանգամայն ավտոնում։

Այն օրվնե, երբ գոյություն ունեն այս կուսակցությունները, տեսնված չէ համազգային հարց մը, որ տեղե մը ճամփա ինկած` անարգել իր նպատակին դիմած ըլլա։

Կուսակցություն մը ազգին համար բան մը կշինե, բայց անկարելի է, որ այդ շինված բանը գործադրության դրվի, ինչքան ալ օգտակար ըլլա. ո՛չ, պետք է բերես մյուս երկու կուսակցություններու առջևեն անցունես, անոնք ալ ձեռները շինված բանին վրա քսեն, որ նո՛ր վավերական սեպվի։

Զինվորագրությունն այն միակ հարցն է, որ սխալմամբ կկարծեի, թե համազգային պիտի ըլլար ու բոլոր կուսակցություններն իրենց քիթերը վեր բռնելով, թող պիտի տային, որ այս հարցն անարգել անցներ իր գործին երթար։

Բայց այդպես չեղավ։

Երևանի մեջ թուրքահայ զինվորագիր ատյան մը կա, որու անդամները Արևմտահայ խորհուրդեն բխյալ կուգան և կազմված են դաշնակցականներե և ռամկավարներե։

Ու հնչակյաններ չկան։

Տե՜ր, դու փրկես-ազատես...

Էֆենդիմ, սա հնչակյանները, որոնք գրպանի փոշու նման մինչև գրպանը չշրջես` չեն երևար, հրապարակ իջան ու պահանջեցին զինվորագիր ատյանին մեջ տեղ մը։

-Տեղ չունինք,- ըսին։

-Ինչո՞ւ։

-Վասնզի ձեր կուսակցությունն ընդամենը 17 հոգիե կբաղկանա։

Այս լսելով հնչակյանները ետև դարձան ու պոռացին.

-Պրոլետարնե՛ր բոլոր երկրներու, միացե՛ք։

Միացան։

Ու դեռ 17-են բան մըն ալ պակաս դուրս եկավ։ Ասոր վրա գացին եկան, եղածին բան մըն ալ ջուր զարկին ու վերջապես իրենց թիվը 17-ի հասցնելով` տեղ պահանջեցին և... ստացան։


***

Իսկ ես կբողոքեմ։

Հայ ազգն երկու միլիոն է։ 17-ը երկու միլիոնի մեջ 117, 710 անգամ կա ու դեռ տաս ալ կավելանա։ Եթե տասնևյոթանոց կուսակցություն մը իրավունք ունենա տեղ մը պահանջելու, այն ատեն զինվորագիր ատյանը պիտի բաղկացած ըլլա 117,710 անդամներե ու 10 փոխանդամներե։ Թող տալով, որ այսքան միայն գրելով զբաղվեն, նախ գրիչ չի բավեր, երկրորդ իբրև ճակատ մեկնողներ, մեր դեմ պիտի ունենանք ծերեր, կանայք ու երեխաներ... միայն։

Այս օրենքին հիման վրա ի՞նչ կըսեք ինձ, որ վաղն իսկ երթամ աներոջս, քեռիիս, փեսայիս, քավորիս դռները ծեծեմ ու հինգ քույրերուս հետ վաթսուննոց կուսակցություն մը կազմեմ ու Ատյանին առաջը գալով` երկու տեղ պահանջեմ։

Ա՜, պիտի ըսեք խելքը գլխին մարդ չունիս։

-Մարդ չունիմ քե՞զի ինչ. մարդ չունիմ` ձող մը կտնկեմ Ատյանին մեջ կդառնամ. տեղը իմս չէ՞, խնդիրը սկզբունքի՞ն վրա է, թե մարդու։


***

Ի տես կուսակցության մը այս անձնուրաց աշխատասիրության, միտքս կուզա հետևյալ միջադեպը, որ վերջաբանի փոխարեն կուզեմ պատմել։

Այգետեր մը երկու մշակ վարձելով` այգին փորելու կղրկե։ Կեսօրին այգին գալով, կտեսնե այգին բնավ փորված չէ ու մշակները քանի մը քայլ իրարմե հեռու, կռնակներուն վրա պառկած երկինքը կնայեն։

-Ին՞չ ես ըրեր այսօր,-կհարցնե այգետերը մոտենալով առաջին մշակին։

-Ոչին՛չ,- կպատասխանե մշակը առանց ծածկելու։

-Դո՞ւն ինչ ես ըրեր,- կհարցնե այգետերը երկրորդ մշակին։

Սա, որ չէր լսած, թե ինչ էր պատասխաներ իր ընկեր մշակը` կպատասխանե`

-Տե՜ր, իսկ ես կօգնեի ընկերոջս...

1918թ.


ԱՆՑՅԱԼ ԱՆԿԱՏԱՐ ՏԵՍԱԿԻ ԱԶԳԱՍԵՐ ՄԸ

Շատ, շատ ազգասեր էր բազազ Ստեփանը և շատ ալ հարուստ։

Ամեն անգամ, երբ քանի մը արշին ճոթ ծախած հաճախորդը ճամփու դնելով մնացյալ ապրանքը կծալլեր, կնկան ներկայությամբ ինձի կդառնար վճռական թոնով մը.

-Կտեսնա՞ս, Հովնաթա՛ն, աս բոլոր հարստությունս ազգին պիտի նվիրեմ, եթե օր մը անիկա ազատվելու ըլլա իր գերութենեն։

-Օ՜ֆ, աման, մա՛րդ. դուն ալ շարունակ մի կրկներ նույն բանը, Աստվածդ սիրես,- վրա կբերեր կինը վախեցած։

-Կնի՛կ, ոչ միայն հնչուն դրամներ, այլ նաև ողջ խանութս, - կառաջանար իր առատաձեռնության մեջ Ստեփանը` կրկնապատկելով կնկան սարսափը։

-Նվիրե, թող ընտանիքդ անոթի մեռնի...

-Ծո, խե՛նթ, ընտանիք ապրեցնելու ժամանա՞կ է, երբ հարցը ազգին փրկությանը կվերաբերի, ես կնվիրեմ նաև տունս... ոգևորված կկցեր ան։

-Նվիրե, ինչու կեցե՞ր ես,- սրդողած կըսեր կինը՝ երեսը շուռ տալով։

Ու կսպասեր կնոջ բարկանալուն... որ նվիրեր։

-Կնի՛կ, քեզի կըսեմ մի բարկացներ ինձի, չենե այգին ալ պիտի նվիրեմ, ջաղացն ալ հետը...

Կինը վախեցած կքրթմնջար միայն սովորաբար, ու կտիրեր լռություն։

Եվ այդ լռության մեջ բազազ Ստեփանին ազգասիրությունը նորանոր ճամփաններ կկտրեր։

-Տո՛ ինձի մտիկ. ես ոչ միայն կուտամ խանութս, տունս, այգիս ու ջաղացս, այլև բոլորը, նույնիսկ աս փալթոս վրայես կհանեմ կուտամ. բարով թող հասնի այդ օրը...

-Ա՜խ, Աստված... գեթ ամառ ըլլար այդ օրը, որ մարդս չպաղեր փալթոսուզ, - կմրմնջար խեղճ կինը ու կհեռանար խանութեն։

Այսպես համարյա շաբաթվան մեջ չորս օր բազազ Ստեփանը իր ունեցած-չունեցածը ազգին նվիրելով` մերկ ու տկլոր տուն կվերադառնար խանութեն` մեծ սարսափ ազդելով կնկան, որը կվախենար օր մը անոթի մնալ, և ինձ, որ անոր ստակովը համալսարան երթալ մտադրվեր էի։ Հետևաբար ես համաձայն չէի ազգին ազատությանը` առժամաբար, իսկ բազազ Ստեփանին կնիկը` ընդմիշտ։

Բարեբախտաբար թե դժբախտաբար` ըսեմ, այդ ատենները հայոց քաղաքական մթնոլորտը կմռայլեր ու կմռայլեր։ Ռուսական ցարը հեռուեն մատով հային գլուխը կցուցներ, սուլթանը իր տապարը կիջեցներ հոն ու այսպես հաջողությամբ մեր բնաջնջումը առաջ կտարվեր. իսկ ինչքան ազատության հույսը կաղոտեր, այնքան բազազ Ստեփանին խոստումները կպլպլային...

Անցան շատ տարիներ։ Տասներեք տարի ետքը ես դարձյալ բազազ Ստեփանին խանութն էի։ Լուրեր կշրջեին, թե հայերը պիտի ազատվին վերջապես օտարին լուծեն, բայց ան որոշեր էր փալթոն չնվիրել ազգին, պատճառ բերելով, թե ոսկրացավ ունի ու, դժբախտաբար, չպիտի կրնա փալթոսուզ կենալ։

Եկան օրեր, երբ լուրերը սկսեցին առավել ևս համառ դառնալ ու մամուլն ալ արձագանքեց. ես դարձյալ իր քովն էի. ան որոշեր էր այգին պահել որպես իր ընտանիքին ապրուստ, իսկ ջաղացը տալ իբր օժիտ իր Արմինե դստեր, որը տգեղ ըլլալուն համար չպիտի տանեին։

Երրորդ այցիս, երբ լուրերը ստուգվեցան, որ հայկական գունդերը Հայաստան կփութային, անիկա համաձայն էր իր տան քանի մը սենյակները ազգին նվիրել, եթե վարձվորները համաձայնեին դուրս ելլել. իսկ խանութը, որ անապահովության երեսեն դատարկված էր, այնքան պարապ էր, որ կամչնար իրավցնե ազգին նվիրել։

Ու վերջ ի վերջո, բազազ Ստեփանը բան մը չտվավ ազգին։ Բայց ազգասեր մարդ էր։

Մեղավորը ազգն էր, որ այսպես անժամանակ ազատվեցավ։ Ամեն բան իր ժամանակն ունի...

Մինչև իր կյանքի վերջ, ես իբրև մոտիկ բազազ Ստեփանին, պիտի վկայեմ, որ մնալու է ազգասեր` միայն անցյալ անկատար տեսակի։

Ըսեմ, որ բազազը ինձի համալսարան չղրկեց. մերժում ստացա։ Հոգ չէ, չեմ ցավեր, միայն ափսոս, եթե առաջուց գիտնայի, թե մերժվելու էի, պիտի ցանկանայի, որ Հայաստանի ինքնավարությունը տրվեր ասկե տասներեք տարի առաջ...

1918թ.


ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ

Ուրբաթ օրվա պառլամենտի նիստին պատգամավոր Ազատյանը չխոսեց։ Պատճառը անհայտ է։

Վերջերս հայկական կառավարությունը Թիֆլիսեն ստացավ վագոն մը պաշտոնյա ու մոտ օրերս պիտի բաժանվի ազգաբնակչության վրա։

Քաղաքիս աղքատները ամսի 18-ին հետևյալ գրություն են ուղղեր կառավարության. «Մենք, մայրաքաղաքիս քսանութ հազար աղքատներս, ի նկատի ունենալով, որ օրական մեկ ֆունտ կարտոֆիլով և 60 կոպեկով չենք կշտանար և օրերով անոթի կանցուցնենք, կխնդրենք ետ վերցնեք նպաստի գրքույկները և փոխարեն մեզ ուտելու պաշտոն տաք համապատասխան պաշտոնատանց մեջ։

Որովհետև դրամի կուրսը ինկած է, կոպեկով ու շահիով ոչինչ կարելի է գնել, այդ պատճառով մուրացկանները պատի տակեն կպոռան. «Ողորմությո՜ւն, ողորմացե՜ք, անտեր մայիֆ աղքատ եմ, մեկ պաշտոն տվեք...»։

Խեղճ, ողորմելի մուրացկաններ... մարդուս սիրտը կտոր-կտոր կըլլա... կմտածես` ծո, ախպար, մարդս այնքան թշվառ ըլլա այս քաղաքի մեջ, որ մեկ պաշտո՞ն ալ չունենա։

Խոլերայի դեմ կռվող վարչությունը գրությամբ մը ծանուցանելով խոլերայի վերացման մասին` գլխավոր բժիշկեն խնդրեր է պաշտոնեությունը պարապ չձգելու համար ուրիշ հիվանդություն մը հայտարարել քաղաքին համար։

Բժիշկը հարգելով ծառայողներուն խնդիրքը` քաղաքս բծավոր տիֆի վտանգի տակ է հայտարարած։ Երեկվնե սկսյալ քաղաքիս բոլոր հիվանդները բծավոր տիֆե կմեռնին։

Լսելով պարենավորման կոմիտեի խոստումը եկող ամսեն հացը կես ֆունտ բարձրացնելու մասին` քաղաքիս երիտասարդները ամուսնանալու ձեռնարկներ կընեն, իսկ ամուսնացածները կպատրաստվին սկսել ընդհատված որդեծնությունը։

Այս ծանրակշիռ պարագան ի նկատի ունենալով` կառաջարկեի հիշյալ կոմիտեին անգամ մըն ալ մտածել. եթե չի կրնար իր խոստումը ի կատար ածել, թող զուր խոստումներ չընե, հակառակ պարագային հազարավոր նոր որբերու և այրիներու հայտնության դուռ բանա պիտի։

1918թ.


ՊԱՌԼԱՄԵՆՏ

Նախ անունին համար այսքանն ըսեմ‚ որ պառլամենտ կոչումը ամեն ազգ չի գործածեր. պառլամենտ կըսենք մենք‚ անգլիացիք ու ֆրանսիացիք միայն։ Մնացյալ մանր ազգերն ունին իրենց ուրույն անունները։ Օրինակ, ֆինները սեյմ կըսեն. տաճիկները՝ մեջլիսի մապուսան‚ պզտիկ ռուսները՝ ռադա և այլն։ Վրացիք‚ որք Գերմանիո նման նվաճողական քաղաքականություն են սկսեր Կովկասին մեջ‚ հավանաբար ռայխստագ անունը տան իրենց խորհրդարանին։

Պառլամենտը‚ այսինքն այն‚ որ ունինք մենք‚ ֆրանսիացիք ու անգլիացիք‚ կունենա սովորաբար չորս դուռ. երկու դռնով կմտնեն հոն խոսողները‚ մյուս երկուսով՝ լսողները։ Պզտիկ դուռ մըն ալ կըլլա բեմին վրա‚ ուրկե սպասավորը ջուր կբերե‚ որ ըստ իս այժմեական դուռներեն չէ։

Պառլամենտին մեջ շարված է երեք կարգ նստարաններ. աջ կողմին աթոռներու վրա կնստին հետադեմ-բուրժուա-կղերական տարրեր։ Ասոնք չեն ուզեր‚ որ մարդիկ աշխարհիս վրա հավասար ապրեն‚ այլ կուզեն‚ որ կես մասը անոթի ըլլա, կեսը կուշտ։

Չեմ հասկանար՝ թե ինչե՞ն է‚ որ այսպես կուզեն։ Մերթ կմտածեմ‚ թե կարելի է խիստ զբաղված ըլլալով չեն գիտեր‚ որ սոցիալիզմ կա աշխարհիս վրա՝ բայց կվարանիմ‚ վասնզի անցյալ շաբաթ օր‚ անոնցմե մեկը ներկա էր տիար Հայկ Ազատյանին ատենախոսությանը. կարելի՞ բան էր‚ որ անտեղյակ մնային...

Աջակողմյան շարքի ետևի աթոռները կծառայեն որպես պանդոկ օտարական մարդոց‚ զորօրինակ‚ հյուր մը‚ այլազգի մը‚ կամ գիշերով դավանանքը կորսնցուցած մարդ մը եթե պատահի՝ հոն կնստի։

Ձախ կողմը կնստեն հավասարասերները։ Ասոնք կուզեն‚ որ երջանկություն ու հավասարություն ըլլա ամենուրեք։ Խնդրի մը վրա երկար ու բարակ չեն խորհիր‚ անոնց ամեն բանը նախապես մտածված‚ չափված-ձևված է։

-Շովինիզմ‚ նացիոնալի՞զմ՝

-Կորչի՜։

-Կապիտալ‚ կապիտալի՞զմ՝

-Նույնպե՜ս։

-Պատերազմ ու միլիտարի՞զմ՝

-Չքվի՜‚ չերևա։

Եվ այսպես‚ ամեն երևույթի համար պատրաստի բանաձևը շրթունքներին կշրջեն. հանգամանք մը‚ որ անոնց կուտա հաստատուն անհողդողդ ու վճռական կերպարանք։ Եթե մեկը անոնցմե կփռնքտա՝ բնավ պատահական չես գտներ հոն, այլ կըսես՝ ասիկա պատմական անհրաժեշտություն մըն էր‚ ու չէր կրնար չկատարվիլ...

Կեդրոնի աթոռներու վրա նստող մարդոց դավանանքին մասին դժվար է բան մը ըսել‚ ինչու որ‚ գործով են կլանված։ Եթե ճշմարիտ է‚ որ սկզբունքը միայն պարապ մարդիկ կունենան‚ ապա ուրեմն պիտի սպասենք‚ մինչև որ պարապ մնան‚ սկզբունքի մը վրա մտածելու համար։ Ժամանակին Իսահակը Հակոբ անունով որդի մը ուներ‚ որը առտվնե մինչև իրիկուն խոհանոցը մտած՝ մորը հետ կաշխատեր։ Ես միայն Հակոբին կրնամ նմանցունել սա կեդրոնականները‚ որք կառավարության հետ առանձնացած՝ պետություն կպատրաստեն հայ ժողովրդին համար։ Իսկ նիստերու ատեն ունեն սկզբունք մը՝ աջիններեն ավելի հաստատուն‚ ձախիններեն ավելի անհողդողդ‚ այդ այն է‚ որ պետք է պաշտպանել կառավարությունը‚ ինչ ալ ընելու ըլլա։

Այս երեք շարքի մարդոցմեն առաջինը ինքզինքը ժողովրդական կուսակցություն կանվանե‚ երկրորդը՝ սոցիալիստական ֆրակցիա‚ իսկ երրորդը՝ դաշնակցական։

Պառլամենտի սա երեք հատվածները այնքան անփոփոխ նույն տեղը կնստին‚ որ սկզբները կկարծեի, թե սկզբունքները բուն իսկ տեղեն է‚ որ կբխի. ըստ այսմ‚ ով ալ որ նստի ձախակողմյան աթոռներուն վրա‚ ազատամիտ գաղափարներ պիտի հայտնե։ Սակայն սխալ էի։ Օր մը աջի մարդոցմե մեկը‚ որ պատահմամբ ձախն էր նստեր‚ կարծիք հայտնելուն դարձյալ նույն հետադեմ‚ նույն կղերա-պահպանողական մտքերը հայտնեց։ Այդ օրեն հասկացա‚ որ սկզբունքը տեղական‚ կլիմայական պայմաններե չազդվիր‚ այլ անփոփոխ կգտնվի յուրաքանչյուրին մեջ‚ ու չի ալ խառնվիր ու աղավաղվիր‚ վասնզի, եթե աջ մը մոռացած է իր լսելիքը‚ ձախին նայելով իր խոսքը կճշտե։ Եթե ձախը ճերմակի մասին կխոսի‚ բնական է‚ որ իր ըսելիքը սև ըլլա‚ եթե սևի մասին՝ ճերմակ։ Իսկ թե ինչո՞ւ համար անպատճառ ժողովրդականը աջ կողմը պիտի նստի‚ մյուսը՝ ձախ‚ մեկալը կեդրոն՝ այդ չկրցա հասկնալ‚ հավանաբար պատահական դասավորություն ըլլա։ Ես ալ‚ օրինակ‚ պզտիկ ժամանակս‚ մյուս երկու եղբայրցս հետ պառկելուս‚ միշտ եզր պառկելը կնախընտրեի...

Ետևի կողմեն եթե ընդհանուր ակնարկ մը նետելու ըլլանք սա հատվածներուն վրա‚ կպարզվի‚ որ ձախ նստողներուն մազերը սեփ սև է, կեդրոնականներուն՝ գլուխը սև ու ճերմակ մազերը հավասարաբար բաժներ են իրարու մեջ‚ իսկ աջակողմյաններու գագաթները մեծավ մասամբ մերկ-փայլուն. մազերը կգտնվին միայն լանջերուն վրա‚ կամ գլխի արևակող մասերը։

Այս երևույթը միամիտ դիտողի մը կրնա սա սխալ եզրակացությանը տանել‚ թե՝ պզտիկ ատենը մարդս առհասարակ սոցիալիստ կըլլա ու հասակն առնելուն‚ հետադեմ կդառնա։ Բայց սխալ է. վասնզի եթե ճիշտ ըլլար‚ ապաքեն ձախակողմյանները պիտի որոշեին այլևս չմեծնալ։

Պառլամենտին մեջ նիստեր կան‚ երբ կուսակցական շարքերը փետրափոխ թռչունի մը նման լերկ ու ցանցառ կըլլան‚ իսկ ատոր հակառակ նիստեր ալ կան‚ որ ձմեռվա աքիսի նման թավ կըլլան‚ այդ այն նիստերուն‚ երբ հակառակ մյուս կուսակցությանց՝ խնդիր մը պիտի անցունեն ու մատի պետք ունին։

Պառլամենտին ճակատը շինված է բեմը։ Բեմին վրա կնստի մեկը‚ որուն Հայր Աբրահամ կըսեն‚ անոր հետ կան երեք այլ մարդիկ‚ որք ոչ թե Հայր Աբրահամուն գոգը կնստին‚ այլ անոր կողքը‚ քովնտի։

Այս բոլորեն զատ՝ կա նաև խումբ մը‚ որ առանձնացած կնստի ձախակողմյան պատին տակի մեկ անկյունը՝ բեմին առջև՝ ճիշտ այն շարքով‚ ինչ շարքով որ «Յոթն եղբայրք» կոչված համաստեղությունն է երկնակամարին վրա։

Պառլամենտին լեզուն հայերեն է‚ երեք կուսակցություններն էլ կխոսեն այդ լեզվով. ունեն յոթը հոլովներն ալ. բոլորն ալ կըսեն՝ մինիստրը‚ մինիստրի, մինիստրին‚ սակայն մինիստրին կատարած գործողությունները‚ այսինքն՝ բայերը տարբեր խոնարհելուն համար‚ իրարու չեն հասկնար։

Ձախակողմը կխոնարհե այսպես.

Սահմանադրական եղանակ.

Ներկա ժամանակ՝

Մինիստրը՝

կընե‚

գեշ կընե,

շատ գեշ կընե։

Անցյալ՝

ըրավ‚

գեշ ըրավ‚

շատ գեշ ըրավ.

Ապառնի՝

պիտի ընե‚

գեշ պիտի ընե‚

շատ գեշ պիտի ընե։

Պայմանական՝

որ ընե՝ կընե‚

որ ընե՝ գեշ կընե‚

որ ընե՝ շատ գեշ կընե։

Ներկա ընդունելություն.

ընելու չէ։

Անցյալ՝

ընելու չէր։

Կեդրոնը այսպես կխոնարհե։

Մինիստրը՝

կընե‚

լավ կընե‚

շատ լավ կընե։

Անցյալ՝

ըրավ‚

լավ ըրավ‚

անթերի ըրավ։

Ապառնի՝

պիտի ընե‚

լավ պիտի ընե‚

շատ լավ պիտի ընե։

Պայմանական՝

որ ընե՝ կընե‚

որ ընե՝ լավ կընե‚

որ ընե՝ հիանալի կընե։

Ներկա ընդունելություն.

Յա՞‚ գործն ասանկ

ըլլալու է։

Անցյալ՝

Յա՞‚ գործն ասանկ

ըլլալու էր։

Աջակողմը ձախին նման

կխոնարհե‚

միայն ընդունելությանց մեջ

կշեղվի.

Ընդունելություն ներկա.

չէ‚ պրեմիերը մեզմե

ըլլալու է։

Անցյալ՝

չէ‚ պրեմիերը մեզմե

ըլլալու էր...

1919թ.


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ

Երբ առաջին համաշխարհային պատերազմը վերջացավ ու հաղթեցին մեծ դաշնակիցները‚ առտուն կանուխ‚ «պզտիկ դաշնակից»՝ Հայաստանն ելավ անկողնեն‚ հագվեցավ‚ կապեց զենքերն ու կնկան և հարսին ձեռքը բռնած՝ ճամփա ընկավ դեպի Փարիզ։

Երբ Թիֆլիսին կմոտենային‚ Հայաստանը դարձավ կնկան.

-Լսե կնիկ‚ հա՛րս դուն ալ. եթե բան է‚ Թիֆլիսի մեջ Վրաստանը հարցնե, թե ու՞ր կերթաք‚ չըսեք կերթանք անկախություն ուզելու‚ ըսեք կերթանք Փարիզ՝ գործ ունինք. կամ դուն, - դառնալով կնկան, - ըսե, թե հարսս կտանեմ բժշկի։

Եթե իմանա անկախության համար կերթանք՝ ինքն ալ աներեսաբար ետևնիս պիտի իյնա գա։ Ես կպատռիմ անկե‚ երեսը չեմ ուզեր տեսնել։ Իժի՛ ծնունդ, կեցիր անգամ մը հասնինք Փարի՞զ... Մեկ-մեկ պիտի պատմեմ դաշնակիցներուն‚ թե ինչպես Վրաստանը թյուրքին հետ մտերմացավ. ինչպես ետքեն գերմանացոց փարեցավ։ Պարզապես պիտի ըսեմ՝ դաշնակիցնե՛ր‚ Վրաստանը ձեզ չի սիրեր‚ անիկա անձնասեր մարդ մըն է և միշտ իր սեփական շահերուն ետևեն ինկած‚ ով իրեն աղեկություն մը ընե՝‚ զայն կսիրե. երբեք, չի մտածեր, թե ասիկա գերմանացի է‚ թյուրք է կամ դաշնակից է։ Քալե՛, կնիկ‚ - ըսավ Հայաստանն ու Թիֆլիս մտնելով‚ առանց այս կամ այն կողմը նայելու՝ պատառ մը հաց առավ ու Բաթում հասավ։

Երբ նավը նստան՝ Հայաստանը գդակը ծռեց‚ ու սկսավ երգել «Երբ ալեկոծ ծովին վրա» երգը‚ ապա վերջացնելով, զարկավ կնկա ծունկերուն՝

-Գիտե՞ս, կնի՛կ‚ աս ծովն ալ մեզի կուտան։

-Փո՛ւ‚ սա կեղտոտ ծո՞վը... աղի‚ անպիտան ջո՞ւրը... քա մա՛րդ‚ մի առներ‚ ըսե տվեք ուրիշի‚ ես շնորհակալ եմ։

-Վա՜յ ավանակ‚ վա՜յ։ Ծո տխմա՛ր‚ առանց ջուրի անկախություն կըլլա՞։ Ռուսաստանը տարիներով «ա՜խ» ըրավ ափ մը ջուրի համար, մեզի ջուր կուտան‚ մենք ելլենք մերժե՞նք։ Դե... դե երկար...

-Աղե՛կ, մարդ‚ իշտե բան մըն էր ըսի‚ ինչո՞ւ կբարկանաս։ Ես չէի գիտեր առանց ջուրի անկախություն չէր ըլլար։

-Չըլլա՜ր‚ չըլլա՜ր‚ մեկ մըն ալ ատանկ խենթ-խենթ չխոսիս և բան է, եթե դաշնակիցներու կնիկներուն հետ խոսք ըլլա այդ մասին‚ չըլլա ըսեք չենք ուզեր։

Հայաստանը գտակը մյուս կողմին վրա ծռեց ու այլ երգ մը սկսավ։ Վերջացնելով երգը՝ զարկավ կնկան ծունկերուն.

-Ծո‚ կնի՛կ‚ ես կմտածեմ՝ թե Փարիզ հասնելուս ի՜նչ փառքով պիտի ընդունեն մեզի։ Անշուշտ հիմի դաշնակիցները գործերնին թողած՝ ծովի ափը մեզի կսպասեն։ Բնական է‚ ինչ ըսել է‚ պզտիկ դաշնակիցը միշտ քաղցր կըլլա։ Կհիշե՞ս, Հակոբն իր 12 որդիներեն ամենեն շատ Հովսեփը կսիրեր‚ ետքը Բենյամինը‚ ինչու որ անոնք պզտիկ էին։

Հայաստանը պահ մը լռեց՝ ապա շարունակեց.

-Ա՜խ, Աստված‚ ի՜նչ սրտազեղ տեսարան։ Ան պիտի ըսե մեր տունը երթանք‚ աս՝ պիտի ըսե մերը երթանք. մյուսը պիտի վիրավորվի‚ երրորդին մոտ իջնես՝ չորրորդը պիտի սրդողի, անանկ որ չես գիտեր ինչ ընես։ Բոլորն ալ հարազատ դաշնակիցներդ են‚ բոլորն ալ հավասար չափով տառապեր են մեր ցավով‚ անթիվ անհամար զոհեր են տված մեզի համար։ Մեկ օրինակ‚ սա համաշխարհային պատերազմը. ինչու՞ զենք քաշեցին անոնք. պարզ է որ անոնք կռվեցան‚ որպեսզի մեզի նման մանր դաշնակիցներ ոտքի ելլեն. ազատվեն... Ա՜ա՜խ, դաշնակիցներ‚ ես ձեր հոգուն մեռնիմ... Կնիկ‚ ես, արդեն ծնածս օրեն միշտ աչքս դարձուցի դեպի Անգլիա ու Ֆրանսիա ու հավատա՛‚ եթե Գերմանիա նույնիսկ թագավորություն տար ինձի‚ ես դարձյալ զայն չէի սիրեր։ Գերմանիան չի սիրվիր‚ չէ՛, կնիկ‚ չի սիրվիր։

Երբ նավը Ֆրանսիո նավահանգիստն հասավ ու խարիսխը ձգեց‚ Հայաստանը դարձավ կնկան.

-Ինձի նայե կնի՛կ‚ եթե‚ բան է‚ վերադարձին տիկին դաշնակիցները ուզենան քեզի քանի մը ամսով հյուր պահել՝ չմնաս։ Միասին եկեր ենք‚ միասին կերթանք։ Հետո‚ քիչ մը ձեր շարժմանց մեջ ազատ եղեք. ամաչկոտությունը մեկդի թողեք. հացի սեղան պատրաստելուն պես նստեք վրան‚ հոս հրավիրելու սովորություն չկա. հացեն վերջը բերաննիդ փեշով չսրբեք... Փողոցին մեջ միշտ թևս մտած քալեք։

Այս պատվերներն մարդն այնքան հապճեպ կուտար‚ որ կարծես հալածական մըն էր ու զինքը բռնելու կուգային։ Սակայն‚ պատվերեն վերջ՝ սպասեց ժամ մը‚ երկու‚ նորեն կրկնեց ըսածները‚ ընդարձակեց իր մտքերը‚ քանի մը հավելումներ ըրավ՝ ոչ ոք երևաց ծովեզերքը։ Այդ գիշեր նավուն մեջ քնացան անոնք։

Հաջորդ առտուն զարթնելով՝ ըսավ Հայաստան.

-Չեն գիտեր‚ չեն գիտեր‚ գալս, կնի՛կ‚ եկեք հանկարծակիի բերենք զիրենք‚ թող ուրախանան‚ - ըսավ Հայաստանն ու Փարիզ մտավ։ Հարցուց Վերսալին տեղը‚ ուր պիտի կայանար վեհաժողովը ու առաջ անցավ հարկավ մեկու մը չըսելով‚ որ ինքը պզտիկ դաշնակիցն է։

Վերսալը հասնելով տեսավ դռան վրա կեցած է հաղթանդամ բարապան մը՝ սուրը ձեռքին ու ոչ ոքի չի թողուր ներս մտնել։ Պալատին չորս դին‚ պատերուն տակ ճանճերու պես լեցված կբզզային աշխարհիս չորս կողմեն եկած «մանր ազգեր»՝ Սերպիա‚ Բուլկարիա‚ Գարատաղ‚ Լեհաստան‚ Սյուրիա‚ Արաբիա‚ Պելճիք‚ Ֆինլանդիա‚ Ադրբեջան‚ Վրաստան‚ Արաքսի հանրապետություն‚ Դաղիստան‚ Թյուրքեստան‚ Լազիստան‚ Աջարիստան ու այսպես անվերջ։ Ասոնցմե զատ կային այնպիսի մանր ազգեր ալ‚ որոնց վարտիքին կոճակները եթե չարձակես՝ անկարելի է‚ որ արտաքնոց կարողանան երթալ։ Այս մանր ազգերուն ի տես օտարական մը պիտի կարծեր, թե մանկապարտեզ մըն է այս շենքը, ուր պզտիկները ելել են դասամիջոց...

Բայց Հայաստանը տեսնելուն պես հասկացավ‚ որ ասոնք բոլորն ալ անկախություն ստանալու համար են ժողովեր. միայն քիչ մը զարմացավ այն պատճառով‚ որ փոխանակ իրար ետև հերթ պահելու‚ անկարգ խռնում մըն էր առաջացուցեր։

Հայաստանը չուզենալով խառնվել անոնց հետ վասզի ինքը մեծ զոհեր էր տվեր և ուշադրություն անգամ չդարձնելով անոնց‚ ինքզինքը շտկեց‚ տրեխին թելերը կապեց որը փրթեր էր շեշտակի դեպի դուռը դիմեց ներս մտնելու համար։

-Ս ՜ս ս‚ մուտքը կողմնակի մարդկանց արգելված է‚- ըսավ բարապանը ու սուրը վար բերավ։

-Ես կողմնակի մարդ չեմ, բարեկամս‚ դուն չես ճանչնար զիս‚ բայց ներսը կճանչնան։

Ապա ինքզինքն ուղղելով՝ վեհորեն ավելցուց խրոխտ։

-Իմաց տուր վերը, խնդրեմ‚ որ ձեր պզտիկ դաշնակիցն է եկեր...

-Ատանկ հրաման մը չէ տրված ինձի։

-Ջանըմ‚ մեկ մը ըսե՝ դարձիր։ Պզտիկ դաշնակից ըսես‚ ալ կբավե։

-Արտոնված չեմ։

-Ան ատեն դաշնակիցներեն մեկը կանչե դուրսը խոսիմ։

-Չեմ կրնար։

-Կամ երկտող մը տամ՝ Անգլիային տուր։ Վիլսոնը հո՞ս է։

-Հոս է։

-Կանչե դուրս անգամ մը. ըսե Թյուրքիո լուծին տակ դարերով տառապող Հայը քեզի կուզե դռան վրա‚ այն՝ որ ավելի իրավունք ունի իբրև ազգ ապրիլ‚ քան բարբարոս Թյուրքիան։

-Ոչ մեկը կանչելու իրավունք չունիմ‚ կհասկանա՞ս։

-Տե՜ր աստված. հապա ինձի կվայելե՞ այսպես դռան վրա կենալ։

-Ի՞նչ կա որ‚ դուն այս բոլոր ազգերեն ավելի՞ ես... Դուն ալ գնա անոնց հետ խաղա, մինչև որ կարդան, թե որուդ անկախություն կուտան‚ որուդ՝ ոչ։

-Ջանըմ‚ ախր ես մենակ անկախության համար չեմ եկեր‚ մեզի հաց պետք է շուտափույթ‚ սով է մեր երկիրը... Կամ վերջապես, ես անոնց ընկե՞րն եմ‚ ո՞րը անոնցմե ինձի չափ զոհ է տվեր... Չըլլա՞ թե անոնք ալ միտք ունին իմ ոտներովս քալել։ Գնա՛‚ գնա ըսե, որ պզտիկ դաշնակիցն եկեր է‚ շատ մի խոսիր‚ չենե քեզ պատժել կուտամ։

Բարապանը անանկ մը հրեց Հայաստանին‚ որ եթե Ադրբեջանը չըլլար՝ ուղիղ Վրաստանին գլխուն պիտի իյնար։ Հայաստանը նայեցավ կնկան‚ ամչցավ ու ըսավ.

-Գիտես‚ ասիկա ծառա է‚ բանեն խաբար չէ։

Այդ միջոցին Քլեմանսոն դուրս եկավ պալատեն՝ ջուր թափելու կերթար։

-Ներեցեք պ. Քլեմանսո‚ սա ծառան չի թողուր, որ ներս մտնեմ‚- ըսավ ժպտերես Հայաստանը ետևեն հասնելով։

Քլեմանսո Հայաստանի երեսը նայեցավ‚ ապա իր մտքերուն մեջ ընկղմած՝ յուրովի բան մը շշնջաց ու անցավ։

«Երևի շտապ կարիք ունի. կեցիր գա՝ նորեն ըսեմ». - մտածեց Հայաստանն ու կեցավ ճամփուն մեջտեղը մինչև Քլեմանսոյին վերադարձը.

-Ներեցեք պ. Քլեմանսո‚ երևի չճանչցաք զիս. մեր Պողոս-Նուբար փաշան ձեզի չէ՞ խոսեր իմ մասին. ես Հայաստանն եմ‚ ձեր պզտիկ դաշնակիցը, - ըսավ ան ինքնաբերաբար իր դատարկ փամփուշտակալը ցուցնելով բոլոր փամփուշտները բարիկենդանին վառեր էր‚ - դուք մեզի հաց պիտի հասցնեիք‚ ո՞ւր մնաց։ Ի՞նչ կա, ի՞նչ չկա այս տեղերը‚ ի՞նչպես եք։ Ընտանիքս ալ հետս է, հիմա չեմ գիտեր... ձեր տիկինը տո՞ւնն է...

Այսպես խոսելով պալատի դռանն էին հասեր ու Հայաստանն ալ կուզեր ներս մտնել՝ բարապանը Քլեմանսոն թողուց՝ Հայաստանը պահեց։

-Պ. Քլեմանսո՛‚ ասիկա չի թողուր ներս մտնեմ... - պոռաց Հայաստանը։

-Ներս ի՞նչ կա։ Գնա, այն մյուս մանր ազգերու հետ խաղա բակը‚ մինչև ձեզ կհայտնենք։

Հայաստանին վրա պաղ ջուր լեցվեցավ։ «Հե՜յ‚ - մտածեց անիկա գլուխը տարուբերելով‚ - ես ելլեմ չորս տարի կռվեմ‚ անդին ութ հարյուր հազար զոհ տամ‚ դաշնակիցներն այդքան սիրեմ ու հիմա ալ ելլեմ Վրաստանին ու Ադրբեջանին կողքի՞ն կայնեմ... Հե՛յ, աշխարհ»։

Բայց այնուամենայնիվ վճռեց Վրաստանի կողքը չկայնել‚ գնաց Արաբիո քովը կայնեցավ իր կնոջ ու հարսին հետ‚ պալատին պատուհանին տակ։

-Մա՛րդ‚ անոթի ենք‚ - ըսավ կինը։

-Անոթի ես ի՞նչ ընեմ. վա՛‚ զարմանալի կին ես‚ - պոռաց մարդը։ -Քեզի ո՞վ ըսավ ելիր ետևես եկուր‚ ի՞նչ է‚ հարսնիքի՞ կուգայի‚ սա քաղաքական գործ է‚ ուրիշ բանի չի նմանիր։

-Աղեկ‚ մեզի տար դաշնակցի մը հետ ծանոթացուր‚ դուն ինչ կընես՝ ըրե։

-Է՛հ‚ լռե կնի՛կ, դուն ալ‚ - կտրեց անոր խոսքը մարդն ու կնայեր, թե ինչպես իր քովի Արաբիան պարկեն արմավ հանելով կուտեր։

Այդ միջոցին ձեռք մը պատուհանեն գավաթը ողողեց, ողողուցքը թափեց ուղիղ Հայաստանի գլխուն։

-Վա՜յ խայտառակություն‚ - մրմնջաց Հայաստանն ու անդին փախավ։ -Գերմանիան ալ ասանկ բան չէր ըներ։

-Ելե՛ք‚ կնիկ‚ հա՛րս‚ ելեք երթանք մեր Պողոս-Նուբարին տունը‚ նայինք ինչ պիտի ընենք։ Տունն ալ հիմա անհամբեր լուրի կսպասեն‚ պետք է հեռագիր մը զարնել։

Ու Հայաստանը հեռագրատուն մտավ և ասանկ հեռագիր մը զարկավ.

«Ամսույս 18-ին հասանք Փարիզ. երկու անգամ տեսակցություն ունեցա Քլեմանսոյին հետ. Միացյալ և անկախ Հայաստանի հարցը վճռված է դրական իմաստով։ Կերթամ մեր Պողոսին տունը...»։

1919թ.


ԱԶԳԱՅԻՆ ՆՈԹԵՐ

Մեր կառավարությունը այս օրերս պատվիրակություն մը ղրկեց Եվրոպա՝ հայկական վեց վիլայեթները խնդրելու համար։ Գնացողները բոլորն ալ ռուսահայեր են և պիտի թյուրքահայերու համար երկիր խնդրեն։

Երեկ կնիկս ղրկեցի հացի «կնիժկան» փոխելու‚ չէին տվեր‚ ըսեր էին «գնա՛‚ թող մարդդ գա‚ «կնիժկան» մարդուդ անունովն է»։ Ու այսօր չորս ու կես ժամ հերթ եմ պահեր գրասենյակին դռանը‚ ետևս ունենալով կամարլեցի այրի մը ու առաջիս տասներկու տարեկան մանչ մը։

Արդ‚ այն կառավարությունը‚ որուն պաշտոնյաները մեկ ֆնտանոց հացի չեկ անգամ չեն վստահեր մեկի մը‚ որ «կնիժկային» տիրոջ կնիկն է‚ որ ըստ եկեղեցու «երկոքյան մարմին մի» են‚ կըսեմ. այդ կառավարությանը ինտո՞ր թույլ կուտա իրեն երթալ Եվրոպա և ուրիշի անունով վեց վիլայեթ խնդրել։ Պիտի ըսե՜ն՝ «թյուրքահայերը անոնց եղբայրներեն են»։ Ճշմարիտ է‚ այո՛‚ սակայն ինչքան ալ եղբայր ըլլան‚ ամուսիններու պես կապված չեն իրար։ Եղբայրներ մեծնալիս կկռվին իրար հետ‚ կծեծեն զիրար։ Կամ թե‚ եթե իրոք եղբայր են‚ ի՞նչ արգելք կա‚ որ երկու եղբայրներ իրարու ձեռք բռնած Եվրոպա երթան։ Եթե ռուսահայերը կառարկեն‚ թե տաճկահայ եղբայրները ներկայանալի արտաքին մը չունին‚ կամ լեզու չեն գիտեր‚ ավելի աղեկ‚ թող եվրոպացիք անոնց խեղճ վիճակը տեսնեն ու շատ կարելի է‚ վից վիլայեթի տեղը յոթը կուտան։

Չէ‚ խնդիրը սկզբունքն է։

Կամ պետք է ով որ «կնիժկա» տանի՝ փոխեն‚ կամ եթե չեն փոխեր‚ պետք չէ ուրիշի անունով Եվրոպա երթան ու վեց վիլայեթ խնդրեն։

Ես այսպես գիտեմ։

1919թ.


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԵՉԻ ԾԱՌԻՆ ՏԱԿ

Պոլսո զբոսավայրերեն մեկուն մեջ խոշոր կեչի մը կա բուսած։ Այդ կեչիին տակ ամեն օր ժամը 12-ին ատենները ամեն անցորդ կնկատե երկու ժամանակե առաջ ծերացած մարդոց‚ որոնք տխրամած դեմքով‚ կռնակը ծառին հենած կխոսակցեն իրար հետ։

Ատոնցմե մեկը բոլշևիկներեն ճողոպրած Վրաստանն է‚ մյուսը՝ Հայաստանը։

-Նու դաա՜‚ - ըսավ Հայաստանը‚ մաշված կաշի մը փրցուց կոշիկին տակեն ու Վոսփորը նստեց։

-Դաաա՜... - կրկնեց Վրաստանը և տիրեց լռություն։

-Բայց կացո՛‚ խոսքը մեր մեջ‚ շատ հանդուգն էիր հանդեպ Ռուսաստանը։ Ջանըմ‚ ինչքան չըլլա Ռուսաստան է‚ 150 միլիոն‚ դուն այծ ու ոչխար իրար վրա միլիոն մընալ չկաս‚ ու ելլել անոր դրոշակը պատռել, ձեռնոց նետել և սպառնալ‚ վայ քեզի սանկ կընեմ‚ նանկ կընեմ։ Ես միշտ փիղն ու քոթոթը կմտաբերեի։

-Մի մեղադրիր‚ դրացի‚ բոլորը Անգլիան ըրավ։ Ա՜խ այն Անգլիան... Անգլիա բառին վրա Հայաստանն ալ «ա՜խ» քաշեց։

-Երևակայե՛‚ դրացի‚ - շարունակեց Վրաստանը‚ կըսեմ կվախնամ վերջնագիր տալու. կըսե մի վախնար‚ խիստ խոսե‚ քո մազին վնաս չի գար‚ Տաճկաստանը քո կռնակն եմ դրեր, իսկ կողքդ Հայաստան։ Ծովեն Ֆրանսիան կօգնե‚ Ռուսիո սանկ կընենք‚ նանկ կընենք։ Խի՛ստ խոսե։ Ես ալ անսալով իրեն, խիստ խոսեցի ու վերջնագիր տվի՝ բարով խերով չտայի ու այս օյինը եկավ գլխուս։

-Խե՜ղճ դրացի։ Կոշիկիդ մե՞կը ուր թողիր։

-Բաթում, նավ մտնելուս մեկ ոտքս դեռ ցամաքեն չքաշած՝ թշնամին հանեց ոտքես։

-Լավ ես պրծեր։

-Գոհություն Աստուծո։

-Ոտաբոբի՞կ պիտի գնաս Լոնդոն։

-Չէ‚ Ֆրանսիան զույգ մը հնամաշ կոշիկ է ղրկեր‚ - ըսավ Վրաստանը ու կամաց մը մատը դրավ ծունկն ի վեր ելլող ոջիլին վրա։

-Ո՞ւր կպառկիս‚ - հարցուց Հայաստանը։

-Ահմետ Սիլիմին խանը։ Կեղտոտ տեղ է։ Դո՞ւն։

-Ես մեր պատրիարքարանը‚ Սրբազանին նախասենյակը։

-Երեկ պատրիարք հայրը ուշ եկավ պառկելու և գիշերն 18 անգամ դուրս գնաց. անշուշտ առաջի իրիկուն ֆրանսիական դեսպանին քով տմարս բաներ կերած պիտի ըլլար։

-Է՜խ‚ է՜խ...

Տիրեց լռություն։

-Ջանըմ‚ սուտ է, որ կըսեն աշխարհիս մեջ արդարություն կա‚ հանուն ազգային քաղաքակրթության կճառեն‚ մանր ազգերու բարօրության մասին կխորհին եղե՜ր։ Ո՜հ‚ կացո՛‚ սուտ բաներ են ասոնք‚ սուտ‚ մի հավատար այդ լիրբ խոզերուն... Ոտքիդ տակ շապիկի կոճակ մըն է ինկեր՝ վերցուր պետք կուգա քեզի։

-Ես ալ չէի հավատար‚ բայց հիմա մեր հարցն արդեն ուրիշ է‚ մեր դատն ալ համազգային է դարձեր։ Սևրի դաշնագիրը ունենք‚ - վրա բերավ Հայաստանը ու ծռեցավ կոճակը վերցնելու գետնեն։

-Տուփդ տուր, սիկար մը փաթթեմ։

-Տուփս երեկ ծախեցի մեկ մեջիտի։

-Դա՜‚ շատ դժվար է. մեթալիկ մը չկա քովս։

Տիրեց լռություն։

-Յանի‚ կացո՛‚ - սկսեց Հայաստանը‚ - դուն ալ մեկ դրացիություն մը չըրիր ինձի...

-Ինչո՞ւ‚ ինչ ըրի քեզի որ։

-Ի՜նչ ըրիր... 1918-ին Կովկասյան Սեյմին ատենները մեզի ձգեցիր ու Ադրբեջանին միացար...

-Է՜հ‚ լռե ճանըմ‚ հին դարդեր խառնելու ատենը չէ։

-Տաճիկներու հետ գաղտնի դաշնակցած‚ դավաճանորեն Կարսը հանձնեցիր...

-Ե՞րբ բաղնիք երթանք‚ Հայաստա՛ն։

-Դեռ փոխնորդ չունիմ... Ծալկային մեջ հայ գաղթականները սովամահեցիր։

-Գեթ ածիլվեինք‚ երեսս կքորվի կոր։

-...Ախալքալակն ու Լոռին ասպատակեցիք‚ մոռնալո՞ւ բան է։

-Ծո՛‚ մազերդ կարգին ճերմակեր է‚ Հայաստա՛ն։ Վախ ձագուկ‚ դեռ չապրած ծերացար։

-Թիֆլիսաբնակ հայոց ահաբեկեցիր‚ աքսորեցիր‚ Բաթումի ճամփան գոցելով մեզի սովի դատապարտեցիր։

-Ինձի նայե‚ ինձի նայե, տես ինչ կըսեմ։

-... Մեզի Տաճիկին հետ կռվի հանեցիր ու ետևես չեզոք գոտին գրավեցիր։ Դուն մատնեցիր‚ որ Ֆրանսիան հիսուն հազար փութ բամբակս փախցուց։

-Օ՛ֆ կացո, հոգիդ սիրես մերկնեցներ։ Է ի՞նչ ընեմ‚ դուն ալ Բաթումի վրա էիր աչքդ տնկեր։ Ել‚ երթանք մեկական գավաթ տնկենք‚ ատոր ժամանակը չէ։ Թե ունիս, քսան փարա փոխ տուր ինձի‚ մարգանեց եմ ծախեր‚ դրամ ունիմ Ֆրանսիո քով‚ կառնեմ կուտամ։

-Չունիմ։

-Հիմա մեր եղածն եղավ‚ չխոսենք‚ եթե Աստված հաջողեց մեր երկրին տիրացանք‚ անշուշտ բանն այլ կերպ կերթա։ Է՜հ‚ երթանք։ Սա ատենները սովորաբար կճաշեն մարդիկ։ Երթանք նայենք ինչ կընենք։

-Ինձի նայե, կացո՛‚ Լոնդոն երթալուդ ավել-պակաս չխոսես իմ մասին։ Հարցնեն նե՝ կըսես՝ այո‚ իշտե բոլշևիկները ներս մտան‚ մենք փախանք՝ բայց անվնաս‚ ըսե թող մեր մասին չմտածեն։ Հա‚ ըսե ձեր հրացանները շատ ծանր էին‚ փախնելու չեն գար։ Սևրի դաշնագիրն ի՞նչ եղավ։ Ըսե‚ Հայաստանը կըսե թող շուտ ընեն‚ ալ համբերությունս հատավ‚ թող շուտ բոլշևիկները Հայաստանեն հանեն‚ տաճիկներուն պատվիրեն հեռանալ‚ Ամերիկային ըսեն կաթ ու հաց պատրաստե‚ մեր պաշտպանության համար գունդ մը զորք։ Այսքան։ Չմոռանաս‚ ըսե կաթ և հաց։

-Չէ։ Շատ աղեկ. ցը։

-Ցը։ Հա, մեր Պողոսին կամ Ահարոնյանին կտեսնես նե 50 հազար փութ բամբակի մասին թող Սևրի դաշնագրի ատեն խնդիր շինե։ Հակառակ պարագային գոնե ձեռք մը շապիկ-վարտիքցու տան։ Կամաց Ըսե վարտիք չունիմ հագիս։ Է՛հ‚ երթաս բարով... Կռնակդ մաքրե‚ ատ ո՞ւր ես պառկեր։ Այդպես։

Վրաստանը մյուս փողոցը շուռ գալով‚ ետևը նայեցավ ու բան մը դրավ բերանը‚ իսկ Հայաստանը որուն քամակը բան մը կեռար‚ մենավոր ծառի մը տակ քաշվեցավ‚ զգեստները հանեց ու սկսավ լուծել հարց մը‚ որ ամենայն տեսակ գաղթականի համար օրակարգի առաջին հարցը կկազմե...

1921թ.


ԿՆՈՋ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մտերիմ խոսքեր Մայր Հայաստանին

...Կհիշես՞ այն օր։ Քեզի տասն անգամ ըսի‚ մա՛յրս‚ երբ մարդ կղրկես Փարիզ‚ Պոլիս կամ Ամերիկա անկախություն ուզելու՝ մի՛ թողուր, որ պատվիրակներդ կնիկնին հետերնին տանեն. մի՛ թողուր։ Չլսեցիր։ Ու հիմա կըսեմ‚ որ 1918 թվին տաճիկները քեզի այդքան նեղեցին‚ ու ցայսօր չես անկախացեր‚ ատ անկե է‚ որ Ահարոնյանը իր կնիկը Պոլիս տարավ‚ այսօր Փարիզ է տարեր ու վաղն ալ Պոսթոն պիտի տանի։

Կհիշեմ։ Անցյալ ամռան դաշնակ-բոլշևիկյան կռիվն էր. Ռուբեն փաշան իր կնիկը Երևանեն Մեղրի փախցուց իրիկուն՝ Երևանի վրա արշավեց առտուն։

Կարծես մենք կնիկ չունենայինք Երևան...

Չէ՛‚ մա՛յրս‚ կնկան դերը համաշխարհային անցուդարձին մեջ ժխտել անկարելի է. Կլեոպատրա թագուհիեն ասդին կինը կգործե։ Տուր ինձի գեղեցիկ աղջիկ մը ոչ կնության, ես Կարսը մաքրեմ թյուրքերեն։ Կինը չէ՞ր պատճառը‚ որ մինչև ողնուծուծը դաշնակցական Գառնիկ Շահինյանը ուրացավ իր հավատը ու բոլշևիկ դարձավ։

Ի՞նչ մեծ գործ է անկախություն ուզելը. - դաշնակ. ֆալա՛ն կամ ֆալանքյա՛ս‚ մեզի անկախություն տվեք։ Պրծավ գնաց։ Ատիկա ըսելու համար պետք է քսանվեց հոգի՞ երթան և քսանվեցն ալ կնիկնին հետերնի՞ն տանեն։ Ինչո՞ւ ջանըմ‚ ինչո՞ւ։ Եվ տեսեք ուզածներն ալ ինչպես կուզեն։ Կերթան Ֆրանսիո դուռը կզարնեն՝ թե մեզի անկախություն տուր։ Ֆրանսիա թե՝ ե՞րբ‚ - թե՝ դեռ մի շտապեք‚ նոր ենք եկեր։

-Ո՞ր օրվա համար պատրաստենք։ - Ձեզի կիմացունենք։ Ու կանանց հետ թևանցուկ պատվիրակներդ կերթան ճաշարան ուտելու‚ կաֆեն՝ խմելու‚ թատրոն՝ հուզվելու‚ սինեմա դիտելու‚ մուզեյ՝ հիանալու‚ էյֆելի աշտարակը՝ մաքուր օդ ծծելու ու պալատը՝ պառկելու։ Օ՜խ, պապամ, օ՜խ... Բայց չկարծես մոռացան անկախության հարցը, ո՛չ։ Ամիս մը ետք նորեն կերթան կառավարության դուռ՝ թա՛կ‚ թա՛կ։

-Ո՞վ է։

-Բաց։

Խոհարարը դուրս կելնե։

-Ֆրանսիան տու՞նն է։ Է, բայց քնած է, իրիկուն Անգլիո հետ մինչև կես գիշեր թուղթ կխաղար‚ կուզե՞ս արթնցնեմ։ - Չէ‚ չէ‚ թող անհանգիստ չըլլա‚ ամիսմե մը նորեն կուգանք։ -Ժամե մը արթննա պիտի... -Չէ‚ չէ‚ թող չարթննա... ամիսե մը կհանդիպենք իրեն։ Ու կերթան նույն ճամփով Փարիզ վայելելու‚ առանց վայրկյան մը իսկ մտածելու‚ թե ինչ վիճակ կապրեր իրեն ղրկող մայր Հայաստանը։

Քեզի կհարցնեմ, մա՛յրս‚ այսպես կըլլա՞ր, եթե պատվիրակները երկրին մեջ թողած ըլլային իրենց սիրած կինը ու այդ սիրած կինն ալ ծնած ըլլար իրեն սիրասուն մանկիկ մը ... Աո՜ւ, աո՜ւ։ Ո՛չ‚ ամենևին։ Ան ատեն պատվիրակդ կերթար ճեպընթացով‚ հանրակառքին պատուհանը չէր բանա ու չէր հիանա ոչ Վոսփորի գեղածիծաղ ափերով‚ ոչ Ելիսեյան դաշտով‚ ոչ ալ օվկիանի մեղմիկ զեփյուռով։ Ուղղակի Փարիզ հասնելով, երկու ոտք մեկ կոշիկին մեջ սեղմած կկենար Ֆրանսիո դռան.- թա՛կ‚ թա՛կ։ Չի լսվիր։ -Թա՛կ‚ թա՛կ‚ թա՛կ։ Ծառան դուրս կելլե։ -Ո՞վ ես‚ ի՞նչ կուզես։ -Հայաստանն եմ‚ անկախություն կուզեմ‚ շո՛ւտ, շո՛ւտ։ -Աղաս շաբաթե մը ի վեր Անգլիո հետ ձուկ բռնելու էր գացեր‚ նոր եկավ ու պառկեց. ամիսե մը հազիվ ելնե։- Ամա՜ն‚ մոնսիո՛ռ‚ - ոտքդ պագնեմ‚ ամիս մը չէ՝ ժամ մըն իսկ չեմ կրնար համբերել. - պիտի ըսե՝ տղաս օրորոցին մեջ կկանչե, տաճիկները կառաջանան, եթե ես հորթին գլուխը չբռնեմ, կինս մինակ կով կթել չի կրնար... մոնսիո՛ռ‚ արթնացուր կես վայրկյանով‚ ըսե աչքդ բաց Հայաստանին անկախություն տուր ու գոցե։ -Քունը գլուխ տված անկախությունն ի՞նչ պիտի ըլլա։ -Կբավե‚ ջանըմ‚ կբավե‚ երազին մեջ տված անկախությունն ալ Հայաստնին շատ է։ Թշվառականը կռվե՞ց որ։ Ով եկավ՝ փախավ... դե՛‚ դե՛‚ շուտ։ -Դժբախտաբար չեմ կրնար‚ արտոնված չեմ խանգարելու։ -Լա՛վ‚ ան ատեն ես կերթամ‚ ըսե թող անկախությունն ետևես ղրկե։ Այո՞։ - Այո։ Ու իրիկուն դարձյալ իր տունը կդառնա‚ յուրայիններուն հետ ապրելու և մեռնելու։

Ասանկ ըլլալու է‚ յա՞։

Մա՛յրս‚ շատ հեռու չերթանք‚ օրինակս քեզ վրա բերեմ. դուն որ պզտիկդ օրորոց դնելեն ետքը դրացուդ բակը ժամանցի կերթաս‚ ժամու մը մեջ երկու անգամ տանդ դուռը չե՞ս բանար գիտնալու‚ թե երեխադ կուլա՞‚ շուռ չի՞ եկեր‚ կատուն չի՞ նստեր սրտին‚ կամ վերջապես տղադ տակը չի՞ կեղտոտեր։ Կընես չէ՞։ Ուրեմն ատ պատվիրակներդ ի՞նչ մարդիկ են‚ որ սա չորս տարի Փարիզ նստեր ու անգամ մըն ալ իսկ դուռը չբացին վրադ նայելու։ Մինչդեռ այդ չորս տարվա մեջ Հայաստանը օրորեցեն ալ գլորվեց‚ տաճիկը անոր կոկորդին ալ նստեց ու տակն ալ կեղտոտեց։

Խե՜ղճ Հայաստան‚ դուն ալ կկարծես‚ թե Ահարոնյանը հոն դատդ կպաշտպանե... խելքի եկուր։ Երեք նամակ ունիմ բռնած իր աներ, հայկական դատի պրոֆեսիոնալ պաշտպան Միք. Վարդանյանեն՝ ուր կգրե փեսա Ահարոնյանին. «Փեսա‚ առ աղջիկս՝ Եվրոպա եկուր‚ հոս աղեկ եմ‚ ազգին վրա գործ կընեմ...»։ Պատասխան ունիմ բռնած՝ ուր կըսե... «Անե՛ր‚ վաղուց կուզեմ գալ‚ բայց ճամփու ծախս չունիմ‚ կարծեմ Հայաստանը անկախություն ուզելու միտք ունի‚ եթե եղավ, պատվիրակ կընտրվիմ, կուգամ։ Կուգամ մեկ կողմե կուլանք անկախություն կուզենք‚ մյուս կողմե կխնդանք, ամսական կուզենք...»։

Ղրկե‚ ղրկե ետ կանչե պատվիրակներդ‚ մա՛յրս‚ քանի չեն ծներ հոն։ Ծնված պատվիրակին տղան ի ծնե պատվիրակ կըլլա և մինչև կյանքիդ, վերջը քո դատը կուլա գլխուդ։

1921թ.


ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկան սաստիկ բարի էր դարձել:

Երազումս, իհարկե:

Դես ու դեն մարդիկ ուղարկեց, որ աշխարհում մի խեղճ ազգ ճարեն բերեն, ինքը լավություն անի դրան:

Գնացին մարդիկ, երկար ման եկան և Հայաստանը վերցրին բերին Ամերիկայի մոտ ասելով.

-Աշխարհում սրանից ավելի անբախտ ազգ չկա. ինչ անելու ես սրան արա:

Ամերիկան, որի սիրտը այնքան բարություն էր լցվել, որից սկսել էր նեղվել, անմիջապես գիրկն առավ այս փոքրիկ երկիրը ու հարցրեց.

-Անունդ ի՞նչ է, բալիկ:

-Հայաստան:

-Ինչո՞ւմ է ձեր թշվառությունը, մի պատմիր տեսնեմ:

-Իմ թշվառությունը անպատմելի է, հայրիկ: Աչք բացինք-չբացինք միշտ ավեր, միշտ կոտորած: Լենգ Թեմուրը մտնում ավերում գնում, Չինգիզ Խանն էր ներս մտնում, մեզ հանում բերդից վայր գլորում անդունդ: Շահ Աբասը մեզ լցրեց Արաքսը՝ կեսը ջուրը տարավ Կասպից ծով, կեսը ինքը տարավ Պարկաստան:

Սրա վրա Ամերիկան կանչեց իր ռազմական մինիստր Մակնամարային և ասաց.

-Երկու մեծ ատոմային ռումբ կպատրաստես. մեկը Լենգ Թեմուրի, մյուսը Չինգիզ Խանի գլխին նետելու:

-Հիմա նրանք չկան, վաղուցվա բան է պատմածս, - ասաց Հայաստանը:

-Ափսո՜ս: Եթե լինեին, ես կբռնեի երկուսի ականջից և գլուխներն այնպես կզարկեի իրար, որ աչքերը դուրս թռչեին իրենց կապիճներից:

-Նրանք չկան, բայց հիմա նրանցից վատը կա, - ասաց Հայաստանը, փաղաքշելով իր հայրիկին, - նրա ականջից բռնիր: Թաթար բռնակալները, երբ իմ ժողովրդին բերդից վայր էին գլորում, վերջի գլորվածները ողջ էին մնում: Բայց այս նոր թշնամին մեզ բերդից այնպես ցած գլորեց, որ շնչավոր չպրծավ:

-Բռնեմ պիտի նրա ականջից,- ասաց Ամերիկան տեղից վեր թռչելով: - Չասե¬՞ս նրա անունը:

-Նրա անունը Թուրքիա է:

-Ափսո՜ս, որ Թուրքիա է... Եթե Թուրքիա չլիներ, ես գիտեի ինչպես պիտի ոլորեի նրա ականջները: Բայց, ախր, Թուրքիան... ակա՜նջ չունի:

Այստեղ Հայաստանի սրտում կասկած ծագեց, վասնզի Թուրքիան ականջ ուներ, մինչև անգամ շատ մեծ սովորականից ...

-Ականջ չունի՝ քթիցը բռնիր:

-Մի հարցնեմ, տեսնեմ քիթ ունի՞:

-Քիթ չունի՝ մի ուրիշ տեղից բռնիր, հայրիկ ջան, մի տեղից բռնիր վերջապես: Նրա կատարածը անուն չունի, այնքան զարհուրելի բան արեց:

-Կիմանամ այդ մասին, - ասաց Ամերիկան, - դու քո անցյալից պատմիր:

-Իմ անցյալից ի՞նչ պատմեմ: Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն էինք պատմության մեջ: Կատարելով Քրիստոսի պատվերը, մի երես Հունաստանին էինք դարձրել, մյուսը՝ Պարսկաստանին, որոնք անխնա հարվածում էին: Վերջում մեր թշնամիները շատացան, դարձան տասներկու: Իսկ մենք որովհետև միայն երկու երես ունեինք, չկարողացանք մեծ վարդապետի պատվերը կատարել:

-Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս: Շարունակիր:

-Ի՞նչ շարունակեմ, Աստված վայրի աշխարհակալների տունը քանդի, որ ինձ այս օրին գցեցին:

Այս միջոցին ներս մտավ հետախուզական բաժնի պետը և Ամերիկայի ականջին մի բան փսփսաց:

Սրա վրա Ամերիկան այլայլվեց, սփրթնեց և վեր կենալով տեղից սպառնական հարցրեց Հայաստանին.

-Դու Արտաշես կամ Տիգրան Մեծ անունով թագավորներ ունեցե՞լ ես պատմության մեջ:

-Ունեցել ենք, - պատասխանեց Հայաստանը վախեցած:

-Իսկ դրանք ամենամեծ աշխարահակալներն են եղել: Նրանք արշավել են, հասել մինչև Պաղեստին, ճանապարհին արցունք ու ավեր սփռելով: Շահ Աբասի ժամանակ էլի հայերի կեսը թափվել են Կասպից ծով՝ ազատվել են, իսկ Արտաշես աշխարհակալի և Տիգրան Մեծի օրոք բոլոր հրեաները բերվել են գերի և ձուվլել: Աշխարհակալի լավը կլինի՞... Ա՜, ուրեմն դու ունեցել ես այդպիսի թագավորներ: Եվ հետո էլ եկել, ուզում ես ազատվել բռնակալների լծից, հրամայում ես բռնել սրա-նրա ականջից: Եթե այս բանը չիմանայի, ուրեմն, պիտի բռնեի խեղճ Թուրքիայի ականջից և մեղանչեի արդարության դեմ: Քեզանից են ծնվել առաջին աշխարհակալները, նրանց հետևել են աշխարհի բոլոր մյուս աշխարհակալները: Եվ որպեսզի հեռու մնաս նման թագավորներից, բարի եղիր ականջներդ ինձ դարձնել, որ ամբողջ ուժովս ոլորեմ:

Եվ ոլորեց՝ ասելով.

-Երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես որոնում: Ե՞րբ պիտի հասկանաս, որ դա աշխարհի օրենքն է:

Ասաց ու դուրս արեց իր «բալիկին»:

Հայաստանը գնում էր հուսախաբ և մտքում կշտամբում էր աշխարհակալ թագավորներին:

-Ի՞նչ հիմարություն: Երկու թագավորի պատճառով լեզուս կարճացավ: Ասենք՝ այստեղ ես եմ մեղավոր: Ասա, ա՜յ Հայաստան, եթե չես կարող սկզբից մինչև վերջ տիրել աշխարհին, ինչո՞ւ երկու թագավորով աշխարհակալություն ես անում: Այդ նշանակում է պաս ուտել՝ ժաժիկ ուտել...

Անտիպ 1963թ.